2013 թվականը ոչ միայն նախագահական ընտրությունների տարի է, այլ նաև Երևանի քաղաքապետի: Երևանցիները երկրորդ անգամ են ընտրելու Երևանի քաղաքապետ` ավագանու ընտրության միջոցով:
Կասկած չկա, որ քաղաքապետի ընտրությունները դառնալու են նախագահական ընտրությունների կցորդը` այն առումով, որ դրանք հանդիսանալու են, այսպես ասած, դժգոհներին բավարարելու մանրադրամ: Այդպիսին էին 2009 թվականին` նախագահական ընտրություններից ավելի քան մեկ տարի անց և, բնականաբար, առավել ևս այդպիսին կլինեն 2013-ին` նախագահականից մի քանի ամիս անց:
Այս իրողությունը հետաքրքրական է դառնում թե՛ նախկին ընտրությունների, թե՛ ոչ վաղ անցյալի քաղաքապետի այլ ընտրությունների համատեքստում: Օրինակ` 2009 թվականին իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում որոշակիորեն բավարարեց Հայ ազգային կոնգրեսին` նրան տեղ տալով Երևանի ավագանիում, և այսպիսով` որոշակիորեն, թեկուզ աննշան, բայց թուլացնելով լարվածությունը և բավարարելով կոնգրեսական որոշակի ամբիցիաներ:
Շատ ուշագրավ է Գյումրիի քաղաքապետի ընտրության պարագան: Այստեղ ՀՀԿ-ն զիջեց քաղաքապետի պաշտոնը ԲՀԿ-ին` Գյումրիի քաղաքապետ դարձնելով Սամվել Բալասանյանին:
Նախագահական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև. սա կարծես թե ակնհայտ է: Եվ պարզ է, որ եթե 2009 թվականին կար Հայ ազգային կոնգրեսին ինչ-որ կերպ գոհացնելու կամ լարվածությունը մեղմելու խնդիր, ապա 2013 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում այս խնդիրը կլինի արդեն ԲՀԿ-ի կոնտեքստում:
Եվ հետաքրքրական հարց է ծագում, թե արդյոք, Գյումրիի քաղաքապետի նախադեպը նկատի ունենալով, ՀՀԿ-ն կգնա՞ նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը «Բարգավաճ Հայաստան»-ին կոմպրոմիսով հանձնելու ճանապարհով` բավարարելով ԲՀԿ-ի հավակնությունները և մեղմելով իրավիճակը, միաժամանակ նաև նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը, չնայած իր նկատելի մասշտաբներին, այնուհանդերձ` հաջողվել է զերծ պահել քաղաքական կշռից, և սա ՀՀԿ-ի համար կարող է լինել քաղաքականապես ոչ վտանգավոր կոմպրոմիս: Առավել ևս, որ ավագանիում, իհարկե, ՀՀԿ-ն կարող է ապահովել իր իշխանությունը որոշակի կոմբինացիայի միջոցով, ինչի արդյունքում եթե անգամ ԲՀԿ-ն ունենա ամենամեծ խմբակցությունը, ՀՀԿ-ն կարող է այլ խմբակցությունների հաշվին ապահովել իր համար մեծամասնություն, որը գործի կդնի հարկ եղած դեպքում:
ԲՀԿ-ի համար այս տարբերակն, իհարկե, քաղաքական քիչ հեռանկարներ ունի, բայց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին զիջելուց հետո ԲՀԿ-ն, իհարկե, չի ունենա նման «նվերը» չընդունելու հնարավորություն, եթե Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, որոշի այդ կերպ հանգուցալուծել իրավիճակը:










































