ԱՄՆ հայկական համայնքի կողմից ճիշտ քայլ էր ԱՄՆ նախագահի ընտրությունները բոյկոտելը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ հայտարարությանը:
Կիրակոսյանի խոսքով՝ ԱՄՆ-ում հայերը ավելի շատ եղել են դեմոկրատների կողմնակիցները, քան հանրապետականների, սակայն այսօր երկու թեկնածուների անտարբեր վերաբերմունքի պատճառով հայկական համայնքը զայրացած է:
Բանախոսը նշեց, որ իրականում սա խելացի մարտավարություն էր: Նմանատիպ հայտարարություններն, ըստ նրա, կարևոր են այնքան, որքան ընտրություններին մասնակցելը: «Թեկնածուներից ոչ մեկին չընտրելը հզոր քայլ է: Եթե հայերը չընտրեն թեկնածուներից որևէ մեկին, դա չի թուլացնի լոբբիստական կազմակերպությունների դիրքերը, հակառակը` կուժեղացնի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կանխատեսումներով՝ մինչև 2015 թվականը հայկական լոբբին ուժեղանալու միտում ունի, ինչն իսկական մարտահրավեր կլինի Թուրքիայի համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի թեկնածուներին, ապա, բանախոսի կարծիքով, Օբաման հայերի համար ավելի նախընտրելի թեկնածու է, քան Ռոմնին, քանի որ վերջինս Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում անտարբեր է և շատ ագրեսիվ կեցվածք ունի Իրանի ու Սիրիայի հարցում:
«Անկախ նրանից` դեմոկրատները կընտրվեն, թե հանրապետականները, ոչ ոք Ցեղասպանության հարցն առաջ չի տանի: Եթե ամերիկյան տեսանկյունից նայենք, սա ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության բարոյականության բացը: Ռոմնիի ընտրվելու դեպքում մենք պետք է Ռուսաստանի հետ խիստ առճակատման սպասենք, որը վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Օբաման ասել է` եթե ընտրվի, երկխոսության կգնա Իրանի հետ: Իսկ Ռոմնին ավելի ագրեսիվ է և հակված է Իրանի դեմ գործողությունների: Բացի այդ` հանրապետականների հարաբերությունները Ադրբեջանի ղեկավարության հետ ավելի սերտ են»,- նշեց վերլուծաբանը:







































