Ջոն Լենոնի այրին՝ ավանգարդիստ գեղանկարչուհի Յոկո Օնոն մեղավոր չէ, որ լեգենդար «Բիթլզ» խումբը բաժանվեց: Այս մասին բրիտանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հայտնի երգիչ Պոլ Մաքարթնին։
«Իհարկե, Օնոն չէր կարող պատճառ դառնալ, որ խումբը բաժանվեր, խումբն ինքն իրեն բաժանվեց: Յոկոյի գրավչության մի մասը թաքնված էր նրա ավանգարդիզմի, նրա աշխարհայացքի մեջ, և նրա հայտնվելը Լենոնին ցույց տվեց գոյության մեկ այլ ճանապարհ, որը շատ գայթակղիչ էր: Լենոնի համար եկել էր հեռանալու ժամանակը, նա ամեն դեպքում պատրաստվում էր դա անել»,- ասել է Մաքարթնին։
Բրիտանացի երաժիշտը վստահ է, որ առանց Օնոյի աջակցության Լենոնը չէր կարողանա ձայնագրել իր հայտնի Imagine ալբոմը. «Չեմ կարծում, որ նա կկարողանար դա առանց Յոկոյի անել, չեմ կարծում, որ կարող եք նրան ինչ-որ բանում մեղադրել»։
Սակայն երգիչը հանրահայտ քառյակի բաժանման մեղքի մեծ բաժինը տեսնում է խմբի մենեջեր Ալեն Քլեյնի մեջ։ «Ես պայքարում էի երեք տղաների դեմ, որոնք ամբողջ կյանքում եղել էին իմ լավագույն ընկերները, սակայն ես ուզում էի կռվել միայն Քլեյնի հետ»,-նշել է երաժիշտը:
1969 թ. փետրվարին Քլեյնը դարձավ «լիվերպուլյան քառյակի» մենեջերը: Մաքարթնին կարծում էր, որ այդ գործն ավելի լավ կանի իր ապագա կնոջ` Լինդայի հայրը` Ջոն Իսթմենը, ում թեկնածությանը դեմ էր Լենոնը: Արդյունքում եղավ դատավարություն, որի ընթացքում Մաքարթնին Քլեյնի և խմբի երեք անդամների դեմ հայց ներկայացրեց:
Երաժշտական շատ փորձագետներ մինչ օրս կարծում են, որ Քլեյնի և «Բիթլզ»–ի գործնական հարաբերությունները հանգեցրեցին խմբի հետ կապված մի շարք դատավարությունների և նպաստեցին հայտնի կոլեկտիվի բաժանմանը:







































