«Դիսկուրսն» այսօր կանդրադառնա օրերս Երևանում տեղի ունեցած մի դեպքի, որի հետևանքով ինը մարդ հայտնվեց հիվանդանոցում, այդ թվում՝ ծանր վնասվածքներով։ Խոսքը Խանջյան փողոցի նորակառուց շենքի փլուզման մասին է, երբ բանվորները հայտնվեցին փլատակների տակ։ Այս թեմայի մասին կխոսենք Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հետ։
– Պրն Ասատրյան, դեպքից հետո քաղաքապետարանը հայտարարեց, թե կառուցապատողը թույլտվություն չուներ։ Ինչպե՞ս է հնարավոր Երևանի հենց կենտրոնում իրականացնել եռահարկ շենքի կառուցապատում՝ առանց թույլտվության։
Հ.Ա.- Ասեմ, որ քաղաքապետարանը ոչ թե հայտարարություն տարածեց թույլտվություն չլինելու մասին, այլ մենք փորձեցինք հստակեցնել իրավիճակը։ Նշեմ, որ շինարարական աշխատանքները Խանջյան-Վարդանանց փողոցների հատվածում սկսվել են 2009թ., և նախատեսված է եղել տարբեր փուլերով իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Սկզբնական շրջանում իրականացվեց գոյություն ունեցող սրճարանի վերակառուցման-արդիականացման աշխատանքը, և նույն քաղաքաշինական փաստաթղթով նախատեսված էր սրճարանին կից կառուցել զվարճալիքների կենտրոն։ Շինարարական աշխատանքներն ի սկզբանե իրականացվել են հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով։ 2011-ին քաղաքապետարանը տվել էր նոր թույլտվություն, որով նախատեսվում էր այդ զվարճալիքների կենտրոնի կառուցումը։ Գիտենք, որ շինարարության թույլտվություններն ունենում են ժամկետներ։ Աշխատանքները չավարտվելու դեպքում դրանք օրենսդրորեն կարող են երկարացվել, իսկ ժամկետների խախտման դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական միջոցների կիրառում։ Այսինքն՝ այդ հատվածում քաղաքաշինական գործունեությունն իրականացվել է մեր օրենսդրության շրջանակներում։ Խնդիրն առաջացել է վարչարարության տեսանկյունից, երբ մենք այս տարվա գարնանը հերթական ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շինթույլտվության ժամկետն ավարտվել է, իսկ աշխատանքները՝ ոչ, և սահմանված կարգով փորձեցինք վարչարարություն իրականացնել։ Նշանակվել է համապատասխան տուգանք, որից հետո «Քաղաքաշինության մասին» օրենքը սահմանում և հնարավորություն է ընձեռում կառուցապատողին՝ դիմել և նույն մարմնից ստանալ շինաշխատանքները շարունակելու նոր թույլտվություն։
– Փաստորեն, անցել է 5-6 ամիս, կառուցապատողը չի դիմել նոր թույլտվություն ստանալու համար, բայց շինաշխատանքները շարունակվել են։
Հ.Ա.- Շինարարությունը 5-6 ամիս չի իրականացվել, թերևս, վերջին շրջանում է նախաձեռնվել նախատեսված աշխատանքների շարունակումը։
– Ձեր վարչությունը տեղյա՞կ էր, որ շինարարությունը վերսկսվել է։
Հ.Ա- Այդ մասին տեղեկություններ չենք ունեցել։ Երևանի քաղաքապետարանը, ըստ օրենսդրութան, չունի ցանկացած պահի կառուցապատվող օբյեկտի տարածք մուտք գործելու իրավասություն։
– Տիկին Այվազյան, ձեր կազմակերպությունը համապարփակ ուսումնասիրություններ է իրականացնում նաև պետական կառավարման ոլորտում։ Ինչպե՞ս է կառուցապատումների վերահսկողության վիճակը Երևանում։
Ս.Ա.- Այս տխուր միջադեպն այնքան էլ զարմանալի չէր մեզ համար, քանի որ Երևանում, Հայաստանում քաղաքաշինության նկատմամբ վերահսկողությունը ոչ պատշաճ կերպով է իրականացվում։ Ցավոք, մերզանում պետական կառույցներն իրենց շահն են հետապնդում և ավելի շատ բիզնես կառույցների դեր են կատարում։ Քաղաքապետարանը ունի վերահսկողության որոշակի շրջանակներ։ Քաղաքաշինության տեսչությունն, ըստ էության, գործառույթներ չի իրականացնում Երևանում։ Քանի որ այս շինարարությունը կատարվում էր այգում, այստեղ պատասխանատու է նաև բնապահպանական տեսչությունը։ Բայց քաղաքաշինության ոլորտը բաժանվել է մի քանի բաժինների, շրջանների, և մեկը մյուսի գործառույթների մեջ կարծես չի ուզում մտնել։ Նրանք օրենքը շրջանցում են և չեն կատարում իրենց գործառույթները։ Քաղաքապետարանն, ըստ էության, սեփականաշնորհել է Երևանի քաղաքաշինական, հողահատկացման բոլոր գործընթացները, իսկ մյուսները պարզապես չեն ուզում մուտք գործել այդ դաշտ։
– Քաղաքապետարանն այդ ամենն իր ձեռքն է վերցրել և չի տալիս մյուսներին, թե՞ նրանք չեն անում իրենց գործը։
Ս.Ա.- Չգիտեմ, թե դա որ պահից է սկսվել և ինչպիսի դասավորությամբ։ Երևանում և, ընդհանրապես, Հայաստանում եթե որևէ մեկն ուզում է կառուցապատում անել, հողահատկացում ստանալ, պետք է կամ մեջք ունենա, կամ տանիք, իսկ դրանք չունենալու դեպքում պետք է կաշառք տա։ Այս պարագայում վերահսկող կառույցները կփորձեն հեռու մնալ կամ վերահսկողություն իրականացնելիս միայն կտուգանեն, որպեսզի ցույց տան, թե ինչ-որ բան է արվել, որոշ դեպքերում հարցը կլուծվի կաշառքով, և գործընթացը կշարունակվի։
–Պրն Ասատրյան, այս դեպքում գործ ունե՞նք կաշառքի, հովանավորչության հետ։ Քաղաքապետարանը կարո՞ղ է չնկատել նման խոշոր շինարարությունը, երբ նկատում է շարքային քաղաքացիների փոքր շինարարությունները։
Հ.Ա.- Թերևս, շատ երևանաբնակներ են ցանկանում քաղաքի կենտրոնում ինչ-որ բան կառուցել, բայց ոչ բոլոր տեղերում է, որ կարելի է կառուցապատում իրականացնել։ Հավանաբար, այդ պատճառով է կարծիք ստեղծվում, թե ինչ-որ հողամաս ձեռք բերելու և ինչ-որ բան կառուցելու համար պետք է միֆային տարբեր փուլեր անցնել, սրան դիմել, նրան դիմել։ Կարծում եմ, այսօր պատկերն այդպես չէ։
– Կարծո՞ւմ եք, որ կաշառք, ատկատ, կոռուպցիա հասկացությունները չկան։
Հ.Ա.- Իհարկե չկան։ Ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքաշինության բնագավառում ունի հսկողական գործառույթներ և ոչ թե վերահսկողական կամ տեսչական, կամ ստուգումներ իրականացնելու։
– Այսինքն՝ ձեր վարչության անունը պիտի փոխվի և դառնա հսկողության վարչություն։
Հ.Ա.- Ինչ վերաբերում է քաղաքաշինական գործունեության նկատմամբ տեսչական վերահսկողություն իրականացնելուն, նշեմ, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք ունեն տեսչություններ և ստուգումներ իրականացնելու գործառույթներ և առնչվում են քաղաքաշինությանը, իրենց իրավասության շրջանակներում կազմակերպում են իրենց գործունեությունը։
– Ձեր գնահատմամբ, Երևանում կառուցապատումը և հողօգտագործումը կատարվում են սահմանված նորմերին և չափանիշներին համապատասխա՞ն։
Հ.Ա.- Կառուցապատման համար տրամադրվող ցանկացած քաղաքաշինական փաստաթուղթ պետք է լինի գործող նորմերի և պահանջների շրջանակում։ Խախտումներ չեն կարող չլինել, որովհետև քաղաքաշինական փաստաթուղթն ընդամենը համաձայնեցվում է քաղաքապետարանի կողմից, այլ խնդիր է, որ կառուցապատման աշխատանքները պետք է դրվեն որոշակի սկզբունքների շրջանակներում։
– Տկն Այվազյան, արդյո՞ք այստեղ միայն գործ ունենք կոռուպցիայի երևույթի հետ, և կոռուրցիոն ռիսկերի պատճառը օրենքների անկատարությունը չէ։
Ս.Ա.- Իհարկե, քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը բավականին խճճված է և տարիների ընթացքում էլ ավելի է խճճվել՝ կարծում եմ՝ միտումնավոր։ Խնդիրը միայն օրենսդրությունը չէ, այլև դրա իրականացումը։ Կարծում եմ, քաղաքապետարանը պետք է վերանայի կանաչ տարածքներում կառուցապատման խնդիրը, և ոչ թե 2009-ին պետք է տրվեր թույլտվություն, այլ հակառակը, որովհետև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի հաստատումից հետո կարծես թե որդեգրվել էր կանաչ տարածքները չկառուցապատելու մոտեցումը։
Հ.Ա.- Ես ուզում եմ անդրադառնալ քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի ներկայիս վիճակին։ Հսկողության, վերահսկողության գործառույթներն ավելի հստակեցնելու խնդիր կա։ Այսպես, թե այնպես՝ ամեն ինչ կատարվում է նորմաների սահմաններում, բայց ժամանակի ընթացքում ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, նախատեսված է և քննարկվում է «Քաղաքաշինության մասին» օրենքը վերանայելու և նոր օրենք ստեղծելու, առհասարակ, քաղաքաշինության մասին օրենսգիրք ձևավորելու հարցը։ Վերջին երկու տարում ավելի արդյունավետ են դարձվել քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերման գործընթացները, և քաղաքացիներն ավելի հեշտությամբ են դրանք ձերք բերում։
– Եվ կառուցարատվող շենքերն էլ հեշտությամբ են սկսել փլվել։
Հ.Ա.- Ես համակարծիք չեմ, որովհետև տվյալ դեպքում փլուզումը կապված է եղել նախապատրաստական աշխատանքների հետ և ոչ թե կառուցապատման շենքի։ Այնտեղ ոչ մի կառույց չի փլվել։
– Թեման իհարկե ծավալուն է, և մենք դրան անդրադառնալու առիթներ կունենանք, բայց հուսով եմ՝ ոչ տխուր առիթներով։
Հաղորդաշարն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ:







































