Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն ու իր ակնկալիքներին:
Նա նշեց, որ լուրջ առաջընթացի ակնկալիքներ չունի, քանի որ դրա համար չկան անհրաժեշտ նախադրյալներ: Ըստ նրա՝ հանդիպումը նվիրված կլինի Սաֆարովի գործից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ու բանակցային գործընթացը վերսկսելուն կամ շարունակելուն: ԱԳ նախկին նախարարի համոզմամբ՝ օրակարգն ու հարցերի շրջանակը թույլ չեն տալիս խնդրի լուծումը դիտարկել հեռանկարում:
«Պետք է փոխվեն մոտեցումները և նոր օրակարգ ձևավորվի: Այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ իսկապես կարող է երկարաժամկետ խաղաղություն հաստատվել տարածաշրջանում, և մեր փոխհարաբերությունները թե պետությունների, թե ժողովուրդների մակարդակում կկարգավորվեն և բացասականից կփոխվեն դրականի: Քանի դեռ չկա օրակարգի փոփոխություն, գործընթացն ընթանալու է հանուն գործընթացի»,- ասաց Արման Մելիքյանը:











































