Նոր Հարավային Ուելս նահանգի՝ ԼՂՀ անկախության ճանաչումը նախազգուշացում էր Ադրբեջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ խոսելով օրեր առաջ Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի բանաձևին, որով ճանաչվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:
Արման Մելիքյանը մինչ տեղի ունեցածին գնահատական տալը փորձեց ներկայացնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը: Նրա խոսքով՝ այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է՝ արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը: Արման Մելիքյանի հավաստիացմամբ՝ այստեղ է կենտրոնացած նաև հայ համայնքի զգալի մասը: «Խոշորագույն Սիդնեյ քաղաքն է այս նահանգում: Այսինքն՝ սա պարզապես խուլ, բոլորի կողմից մոռացված մի վայր չէ, որի օրենսդիրները որոշել են հանկարծ աշխարհին հայտնի դառնալ ԼՂՀ անկախության ճանաչման միջոցով: Ավստրալիայում հայ համայնքը բավական մեծ է: Ավստրալիայում կա տարիներ ի վեր գործող ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Դրվատանքի խոսքեր եմ ուզում ասել մեր այն բոլոր ազգային մարմինների, պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնք որոշ չափով նպաստել են այս խնդրի լուծմանը»,- մանրամասնեց Արման Մելիքյանը՝ շարունակելով, որ Հայ դատի գրասենյակի ուժերը ևս ներածին չափով աշխատել են: Սակայն, բանախոսի կարծիքով, պետք է հաշվի առնենք մի շարք այլ հանգամանքներ ևս, որոնք բխում են այդ երկրի ներքին կառուցվածքից, կառավարման համակարգի նրբություններից:
Նրա համոզմամբ՝ այստեղ կարևոր է իմանալ, որ Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, պետք է նաև իմանալ, որ նահանգային խորհրդարանը իրավասու է ցանկացած խնդիր քննարկել և որոշում կայացնել դրա վերաբերյալ նաև այն պարագայում, երբ այդ որոշումները նպաստում են խաղաղության հաստատմանը: Ըստ Արման Մելիքյանի՝ այս որոշումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:
«Անշուշտ, այս ճանաչումը որոշակի առումով նախազգուշացում էր Ադրբեջանին, գուցե դա պայմանավորված է British Petrolium-ի և Ադրբեջանի միջև կոշտ հայտարարություններով: Բոլոր դեպքերում ես ուզում եմ, որ մենք երևույթը քննելիս մեր մոտեցումները դրա վրա կառուցենք: Արցախն ու Ավստրալիան ավելի լուրջ տնտեսական համագործակցություն և կապեր ունեն, քան Հայաստանն ու Ավստրալիան: Դա, իհարկե, կես կատակ եմ ասում, բայց համենայնդեպս, Ստեփանակերտի առաջին հյուրանոցային ծառայություններ մատուցող «Նաիրի»-ն պատկանում է ավստրալահայ ընտանիքի: Տարիներ ի վեր այդ հյուրանոցը հաջողությամբ աշխատել է»,- հիշեցրեց բանախոսը:










































