«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոբոբելյանի և «Ժառանգության» պառակտումը նախագահական ընտրությունների շեմին «Ժառանգության» վարկանիշի վրա ինչպե՞ս ազդեց: Երեկ Aravot.am-ի այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ, ով ունի պարտավորություններ և պատասխանատվության զգացում, պետք է դա իրականություն դարձնի: Չի կարելի շրջանցել: Հասարակությունը պետք է սովոր լինի, որ այն մարդիկ, ովքեր իրենց պարտավորությունների և պատասխանատվության զգացումը կորցնում են, պատժի են ենթարկվում, և դա է ճիշտը: Անպատժելիության մթնոլորտը շատ վտանգավոր է»:
Թերթի հարցին` այս պատասխանատու փուլում «Ժառանգության» վրա հարված չեղա՞վ, հիմա մարդիկ, եթե նույնիսկ հավատում ու ընդունում են, որ Խաչատուր Քոբոբելյանը խոսքի տերը չի եղել, «Ժառանգությանն» են մեղադրում, որ այդքան թույլ է` տիկին Փոստանջյանը պատասխանեց, «Ժառանգությունը» սովոր է հարվածների: Բնականաբար, պետք է լինեն «Ժառանգության» նկատմամբ հարվածներ: Բնականաբար, մենք հասկանում ենք՝ ինչ ճանապարհ ենք անցնելու: Դա մեզ համար սովորական առօրյա է: Ինչպես տեսել եք այս հինգ տարիների ընթացքում, նույնը շարունակվում է: Այնպես որ` մեզ համար դա նորություն չէ: Մենք այսօր այնպիսի գործողությունների մեջ ենք, որ բնականաբար, այդ ամեն ինչը պետք է տեղի ունենա, և ցանկացած քաղաքական կազմակերպությունում կարող են նման իրադարձություններ տեղի ունենալ: Այնպես չի, որ մարդը սխալվել չի կարող:
Մարդը սխալական է և սխալվելու տեղիք է տալիս, բայց ամենակարևորն այն է, որ ցանկացած սխալին եթե հորդոր ես կատարում, փորձում ես, որ մարդը սխալն ուղղի, բայց չի իրականացնում, ապա պետք է կրի պատիժ»:









































