Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Արտակ Սնխչյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Սնխչյանը մեղադրվում և ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է Նորիկ Թովմասյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչի արդյունքում Թովմասյանը մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում Թադևոսյան 17 շենքի բակում: Ըստ մեղադրանքի և դատավճռի՝ դեպքի օրը Սնխչյանը բակում տեսել էր, որ մարդիկ էին հավաքվել, ու մոտեցել էր: Ագրեսիվ տրամադրված տղամարդիկ պարզաբանումներ էին պահանջում Նորիկ Թովմասյանից, ով, իրենց կարծիքով, ինչ-որ անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ իրավապահ մարմիններին տեղեկություններ էր հայտնել: Հավաքվածների բնորոշմամբ՝ Նորիկը «գործ էր տվել», ինչ-որ մեկին «բռնել էր տվել» ու պետք է բացատրություն տար, որովհետև այդ «գործ տալու» արդյունքում բռնված ինչ-որ մեկը տուժել էր 500 դոլարով:
Նորիկ Թովմասյանին մեղադրողներից ոմանք սկսել էին հարվածել նրան: Եվ, ըստ դատավճռի, հարվածողներին էր միացել նաև Սնխչյանը: Վերջինս «ըմբշամարտի հնարքներ էր գործի դրել, ծեծվողին մի քանի անգամ բարձրացրել ու գլխի վրա գցել էր ասֆալտապատ գետնին»: Ըմբշամարտի հնարքներ գործադրելուց հետո Սնխչյանը հեռացել էր:
Նորիկ Թովմասյանն ապրում էր Տարոնցի փողոցի հանրակացարանում: Նա փորձել էր հանրակացարան գնալ, բայց ճանապարհին մի քանի անգամ նրա գլխին բռունցքներով հարվածել էին Ռաֆայել Մարգարյանն ու Վլադիմիր Ստեփանյանը: Ի վերջո, ծեծված Թովմասյանը հասել էր հանրակացարան: Հանրակացարանի սենյակում էլ էին նրան ծեծել: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Նորիկ Թովմասյանը հանրակացարանի սենյակում էլ մահացել էր:
Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ մահվան պատճառը գանգուղեղային ծանր վնասվածքն էր եղել, որը տուժողն ստացել էր բազմադրվագ ու դաժան ծեծի արդյունքում: Ըստ փորձագետի՝ գլխի շրջանում ստացած բոլոր վնասվածքները ծանր էին ու կարող էին մահվան պատճառ դառնալ:
Այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն կատարվել, պարզվել էր Թովմասյանին ծեծողների անձը: Ըստ նախաքննության՝ լուրջ ծեծողները երեքն էին եղել: 2004 թվականի փետրվարի 12-ին գործի վարույթը կասեցվել էր մինչև այդ երեք կասկածյալներին հայտնաբերելը: Փետրվարի 20-ին կասկածյալներից երկուսը՝ Մարգարյանն ու Ստեփանյանը, հայտնաբերվել էին, իսկ Սնխչյանի մասով գործի վարույթը կասեցված էր մնացել:
2004 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով Ռաֆայել Մարգարյանն ու Վլադիմիր Ստեփանյանը մեղավոր էին ճանաչվել դիտավորությամբ Նորիկ Թովմասյանին ծանր մարմնական վնասվածք, դրա արդյունքում մահ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ ու 14-րդ կետերով և դատապարտվել էին, իսկ Արտակ Սնխչյանը մնացել էր հետախուզվողի կարգավիճակում: Նրան հայտնաբերել էին 2011 թվականի սեպտեմբերի 2-ին:
Նախաքննության ժամանակ Արտակ Սնխչյանն իրեն մեղավոր էր ճանաչել ու զղջացել կատարածի համար:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սնխչյանը փոխել էր դիրքորոշումը և Թովմասյանին ծեծելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար իրեն մեղավոր չէր ճանաչել: Իր մեղքը նա տեսնում էր միայն բակում տեղի ունեցած բուռն խոսակցությանը միջամտելու և Թովմասյանին մի անգամ ապտակելու համար: Ինքը պարզելով, թե ինչի մասին է խոսքը, ամոթանք էր տվել Թովմասյանին ու մեկ անգամ ապտակել էր: Թովմասյանը չէր հակաճառել, չէր դիմադրել: Նա համաձայն էր եղել 500 դոլարի կորուստ ունեցած անձնավորության վնասը հատուցել: Սնխչյանն էլ, հարցը լուծված համարելով, հեռացել էր: Նա դատարանում հայտնել էր, թե ըմբշամարտիկ չէ, որ ըմբշամարտի հնարք գործադրեր:
Այնուամենայնիվ, դատարանն արժանահավատ էր գնահատել Սնխչյանի նախաքննական ցուցմունքը, ինչպես նաև ականատեսների վկայությունը Սնխչյանի կիրառած հնարքների ու Թովմասյանին հասցրած հարվածների մասին:
Դեպքից որոշ ժամանակ առաջ Թովմասյանը մի կնոջ հետ գնացել էր տվյալ բակի շենքերից մեկում բնակվող Մանուկյանի տուն՝ նրա կնոջ մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու: Սակայն, ըստ էության, նա արդեն իսկ իմացել էր, որ իրեն հետապնդում են և, ինչ-որ իմաստով, փորձել էր թաքնվել, որովհետև Մանուկյանի տանը նրան հայտնաբերողներն ասել էին՝ էս փախեփախ ես անո՞ւմ, պախկվել ե՞ս: Տանտերն էլ, իմանալով, որ Թովմասյանը «գործ էր տվել՚ և հիմա «հանրության արդար զայրույթից՚ փորձում էր թաքնվել իր տանը, իր իսկ ցուցմունքով՝ թքել էր Թովմասյանի վրա, ձեռքով թեթև ապտակել ու, որպեսզի իր տանը, երեխաների ներկայությամբ կռիվ չլինի, առաջարկել էր բոլորին իջնել բակ: Բակում «հանրությունը» դաժան ծեծի էր ենթարկել Թովմասյանին, արդյունքում՝ կյանքից զրկել էր նրան:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արտակ Սնխչյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Նորիկ Թովմասյանի՝ քրեական գործի վերածված հետապնդումը երևանյան բակերից մեկում Լինչի դատաստան է հիշեցնում:
Ինչո՞ւ էին հետապնդել ու ծեծել Թովմասյանին: Լուր էր տարածվել, թե նա ինչ-որ մեկի գործած հանցանքի մասին հայտնել էր իրավապահներին: Նրան անվանել էին ՙգործ տվող՚ և տվել էին այլևայլ հայհոյական բնորոշումներ:
Պետք է ասել, որ մեր քրեական օրենսգրքում հոդված կա, ըստ որի՝ քրեական հետապնդման կարող է ենթարկվել այն քաղաքացին, ով կատարված հանցագործության մասին իմացել ու չի հայտնել իրավապահներին: Գոյություն ունի «քաղաքացիական պարտք» հասկացությունը: Սակայն մեր՝ խորհրդային տարիներից խաթարված պատկերացումներով՝ իրավապահ մարմիններին որևէ բան հայտնողը նվազագույնը՝ արհամարհանքի է արժանի: Խորհրդային տարիներին մեծ տարածում ունեին ու խրախուսվում էին սուտ մատնությունները. այդ մատնությունների հիման վրա մարդկանց աքսորում ու գնդակահարում էին: Այնտեղից է գալիս «գործ տալ» հասկացությունը: Բայց հին հասկացության արդիականացումը ձեռնտու է նաև այսօրվա հանցավոր աշխարհին: Ինչքան քաղաքացիներին հեռու պահեն իրավապահների հետ համագործակցելու, հանցագործությունների բացահայտմանն աջակցելու մտայնությունից, այնքան քիչ հանցագործություն կբացահայտվի, կատարված անօրինությունների մասին այնքան քիչ վկայություններ կտրվեն:
Այս գործում ազդեցիկ է այն, որ տուժողը, ով էլ որ լիներ, չէր դիմադրել, հանձնվել էր լիովին, ու նրան չէին խնայել: Տուժողն ի լուր հավաքվածների՝ ընդունել էր, որ մեղավոր է: Հասարակության ինչ-որ շերտ կա, որն իր պատկերացումներն ու գողական մտածելակերպը փաթաթում է այլոց վզին, կենսունակ պահում հանցավոր աշխարհի օրենքներն ու կանոնները: Ու նրա հետևից գնացողները, ցավոք, մեծ թիվ են կազմում:
Արտակ Սնխչյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպաններ Շահբազյանն ու Մնացականյանը: Նրանք միջնորդել էին Սնխչյանին անպարտ ճանաչել ու հռչակել նրա անմեղությունը, որովհետև կարծում են, թե նրա մեղքը քրեական գործով ապացուցված չէ:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր վերաքննիչ դատարան էր հրավիրվել և կողմերի հարցերին պատասխանեց դատաբժշկական փորձագետ, 16 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Ադամյանը: Նա էր փորձաքննության ենթարկել Թովմասյանի դիակը ու տվել եզրակացություն: Փորձագետը վերաքննիչ դատարանում ասաց, թե պնդում է իր եզրակացությունը և նախորդ դատական ատյանում տված ցուցմունքները. տուժողի գլխի շրջանի յուրաքանչյուր վնասվածք կարող էր մահացու լինել, ու անհնար է տարանջատել, թե կոնկրետ որ հարվածից է մահացել նա, ինչ հերթականությամբ են պատճառվել վնասվածքները:
Պաշտպան Շահբազյանը գանգուղեղային վնասվածքների վերաբերյալ ուսումնասիրել էր բժշկական գրականություն, ինտերնետային նյութեր և ուներ իր համոզմունքները: Նրա հարցերը հիմնականում վերաբերում էին վնասվածքների բնույթին, առաջացման վաղեմությանը, մահը վրա հասնելու ժամանակին և վնասվածքների ու մահվան պատճառական կապին: Նա քննադատաբար էր լսում փորձագետի պատասխանները և հարցաքննության վերջում ասաց, թե հայտարարություն ու միջնորդություն է կատարելու:
Դատարանը, սակայն, այլ գործ էլ պիտի լսեր, այդ պատճառով այս դատական նիստն ընդմիջեց: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:









































