Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հոկտեմբերի 25-ին երիտասարդության հետ հանդիպմանն առաջարկել է ընտրվող քաղաքական գործիչների համար առավելագույն տարիք սահմանել: Հարավամերիկյան առաջնորդը խորհուրդ է տալիս որպես այդպիսի տարիք սահմանել 65-ը: Պետության ղեկավարը դա հիմնավորում է նրանով, որ ծերերին դժվար է շփվել երիտասարդության հետ: Մորալեսի խոսքերով՝ տարիքով նախագահները հաճախ քնում են հենց կարևոր հանդիպումների ժամանակ:
«Ուստի ես ասում եմ. 65-ը առավելագույն տարիքն է իշխանական պաշտոնի ընտրվելու համար: Եթե մարդու 65-ը լրանում է, ապա վերջ, այլևս նա ընտրվել չի կարող»,- նախագահին մեջբերում է EFE գործակալությունը:
Մորալեսը երիտասարդությանը պատմել է, որ քննարկել է այդ գաղափարը երկրի քաղաքական վերնախավի հետ: Շատ պատգամավորներ քննադատաբար են վերաբերվել այդ նախաձեռնությանը, քանի որ վախեցել են զրկվել իրենց պաշտոններից:
Ինքը՝ Մորալեսը, հոկտեմբերի 26-ին դառնում է 53 տարեկան: Կեսկատակ նա ասել է, որ չի պատրաստվում այդ օրը նշել: «Ինչպե՞ս կարելի է լրջորեն նշել այդ ամենը: Բանն այն է, որ ես ևս մեկ տարի եմ սպանել»,- ասել է նախագահը: Բոլիվիայի առաջնորդը հայտնի է որպես Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ընկեր և համախոհ: Ընդդիմությունը նրան մեղադրում է այն բանում, որ նա իր գործընկերոջ օրինակով պատրաստվում է ընտրվել երրորդ անգամ, ինչը թույլատրելի չէ սահմանադրությամբ:










































