ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նկարահանվել է գործող նախագահ Բարաք Օմամայի նախընտրական տեսահոլովակում: Այս մասին հաղորդում է AdAge-ը:
Տեսահոլովակը կրում է «Նա ամեն ինչ ճիշտ է անում» վերնագիրը. այն ներկայացվել է հոկտեմբերի 24-ին: Տեսանյութում Քլինթոնն ասում է, որ այսօր Օբամայի դեմ ներկայացվող հավակնություններն իրեն շատ ծանոթ են թվում: «Նույն մարդիկ ասում էին, որ իմ գաղափարները վերացնում են աշխատատեղերը, և ինձ վերջին բառերով էին կոչում: Ինչևէ, մենք ստեղծեցին 22 մլն նոր աշխատատեղ և բյուջեի դեֆիցիտը վերածեցինք պրոֆիցիտի»,- ասում է Քլինթոնը:
Հանրապետական կուսակցությունը նույնպես հոկտեմբերի 24-ին տեսանյութ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Միթ Ռոմնիի: Տեսահոլովակում նկարահանվել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը: Վերջինս ասում է, որ «վերջին մի քանի տարիներին Ամերիկան կործանվել է»՝ մատնանշելով գործազրկությունը և արտաքին պարտքը: «Երբ ինչ-որ մեկը չի իրականացնում իր աշխատանքը, նրան պետք է պատասխանատվության ենթարկել»,- ասում է Իսթվուդը այն պահին, երբ հոլովակում երևում է Բարաք Օբաման: Դերասանի կարծիքով՝ երկիրը չի դիմանա Օբամայի՝ երկրորդ ժամկետով պաշտոնավարությանը, ինչը պարզապես կլինի առաջինի կրկնությունը:
Ե՛վ Քլինթոնը, և՛ Իսթվուդը նախկինում արդեն հանդես էին եկել իրենց թեկնածուների պաշտպանությամբ, սակայն դեռևս չէին նկարահանվել հոլովակներում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:




































