Կալիֆոռնիայում` գոլֆի դաշտում, խոտերի մեջ հայտնաբերել են կենդանի փոքր եռատամ շնաձուկ՝ մոտ 1 կգ քաշով, հաղորդում է UPI-ն: Մարզական համալիրի աշխատակիցների խոսքերով՝ նախկինում իրենք առավել տարօրինակ բան դաշտում չէին տեսել:
Գոլֆ ակումբի գործադիր տնօրեն Մելիսա Մակքորմակը նշել է, որ ինքը և իր գործընկերները զարմացել են, երբ խոտերի մեջ հայտնաբերված շնաձուկը ողջ է եղել: Ծովային կենդանու մարմնի վրա վերք են հայտնաբերել, որն ամենայն հավանականությամբ հասցվել է գիշատիչ կենդանու կողմից: Վերջինս ամենայն հավանականությամբ նրան բռնել է և փորձել ուտել, սակայն իր բույն տանելու ճանապարհին գցել է և կորցրել դաշտում:
Թե որքան ժամանակ է շնաձուկն անցկացրել խոտերի մեջ, չի նշվում: Գոլֆ ակումբի աշխատակիցները այն գցել են ջրով դույլի մեջ և բաց թողել ջրի մեջ:
Մեկնաբանելով դեպքը՝ որսի և ձկնորսության գործերով գերատեսչության մասնագետ Դեն Սֆորցան նշել է, որ դա իրեն շատ անհավանական է թվում: Նրա խոսքերով` շնաձուկը չէր կարող այդքան երկար ջրից դուրս մնալ, կսատկեր: Նա ենթադրել է, որ կենդանուն դաշտի մեջ մարդ է գցել:
Սֆորցան ընդգծել է, որ կալիֆոռնիական եռատամ շնաձկները իսկապես «զիլ տեսք» ունեն, ուստի նրանց շատ հաճախ որսում են տանը պահելու համար: «Միգուցե այն պարզվել է չափազանց մեծ է ինչ-որ մեկի ակվարիումի համար»,- հայտարարել է նա:











































