Ուկրաինական Լուցկ քաղաքի փոխքաղաքապետ Վասիլի Բայցիմը լրագրողների և ոստիկանության առաջ խայտառակվել է՝ քաղխորհրդի զուգարանում կորցնելով ատրճանակը: Զենքը գտել են լրագրողներն ու դիմել իրավապահ մարմիններին, որոնք էլ արագ պարզել են, թե ով է սեփականատերը: Այս մասին հաղորդում է IA ZIK-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Իրավապահները պարզել են, որ ատրճանակը պատշաճ կերպով գրանցված է, դրա գործողության թույլտվությունը եղել է մինչև 2013-ի նոյեմբերի 30-ը: Փոխքաղաքապետը հաստատել է, որ զենքն իսկապես իրեն է պատկանում, և բացատրել է, որ այն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար: Բանն այն է, որ պաշտոնյան Կովել քաղաքի թիվ 21 մեծամասնական ընտրատարածքի թեկնածու է, իսկ երկու օր առաջ նրա կողմնակիցները ենթարկվել էին հարձակման:
Արդյունքում՝ ոստիկանության ծառայողները վերցրել են ատրճանակը, իսկ Բայցիմից գրավոր բացատրություն պահանջել: Հարցին, թե ինչպես է զենքը հայտնվել զուգարանում, նա պատասխանել է՝ «Առանց մեկնաբանությունների»:










































