Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Եվրոպան այլ կերպ է ընդունել, քան դատապարտելն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ եվրոպացիները չէին կարող ողջունել տեղի ունեցածը, դրա համար պետք է լինեին ադրբեջանցի: Թեև, ըստ նրա, Ադրբեջանում ևս կան մարդիկ, ովքեր դեմ են հանդես գալիս Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը:
Անդրադառնալով Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի ընդունած՝ Ռամիլ Սաֆարովի ներումը դատապարտող բանաձևին՝ ասաց, որ սա շատ բնորոշ է Եվրոպայի համար:
«Նալբանդյանը շուտով կգնա Փարիզ, և Մինսկի գործընթացը շարունակելու փորձերը կշարունակվեն և ոչ թույլ, քան հիմա: Իհարկե առաջխաղացում չպետք է ակնկալել, բայց համարյա թե բոլորը հետաքրքրված են նրանով, որ Մինսկի գործընթացը չպետք է մահանա: Մինսկի գործընթացը երեք նպատակ ունի. առաջին՝ որ գործընթացը շարունակվի, հարցի միջազգայնացում լինի, երկրորդ՝ բանակցություններին ներկա լինեն ռուս, ամերիկացի և Ֆրանսիացի ներկայացուցիչներ, և երրորդ՝ քաղաքական ձևաչափ, որը տալիս է անվտանգության երաշխիքներ և աշխատում է ստատուս քվոյի վրա»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































