«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ մենք ինտեգրվում ենք Եվրոպային` այնտեղ արտագաղթելով: Նրա գնահատմամբ` այս պահին Հայաստանի միակ ճանապարհը Եվրասիական միությանն անդամակցելն է: Իսկ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը դեմ է գոյություն չունեցող այդ միությանն անդամակցելուն և համոզված է, որ մեր բոլոր խնդիրների պատճառը Ռուսաստանն է: Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում:
«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:
Արամ Կարապետյան- Առայժմ այդ համատեղումը, այսպես կոչված` կոմպլեմենտարիգմը գնում է, բայց դրանից մենք մինչև այսօր թուլանում ենք: Մարդիկ հեռանում են երկրից: Գեոքաղաքական առումով իրարամերժ և շատ հիմար կացության մեջ ենք հիմա հայտնված: Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ` Եվրասիական միությունը այս պահին միակ ճանապարհն է լինելու: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա հարց է` այդ կառույցն այսօր իսկապես պատրաստվո՞ւմ է Հայաստանին ընդգրկել, ունի՞ այդ քաղաքական, ֆինանսական, գեոքաղաքական շահագրգռությունը:
«Առավոտ»- Իսկ եվրասիական միությունն ունի՞:
Ա. Կ.- Այս դեպքում մենք 70 տարի անքակտելի մաս ենք եղել, և մեզ ընդգրկելու խնդիր չկա: Հայաստանի զարգացման համար պետք է զարգացնել արդյունաբերությունը, որովհետև այլ պարագայում Հայաստանում ուղղակի մարդ չի մնա:
«Առավոտ»- Իսկ ինչո՞վ է Եվրամիությունը խանգարում Հայաստանում արդյունաբերության զարգացմանը:
Ա. Կ.- ԵՄ-ն իրեն չանդամակցող որևէ երկրում այդպիսի ֆինանսական միջոցներ չի դրել:
Ա. Ղ.- Նախ` այս պահին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում դրված չէ ԵՄ-ին անդամակցելու հարցը, նման հայտ ներկայացված չէ: Խոսքը քաղաքակրթության, մոդելի ընտրության մասին է: Մենք ընտրում ենք բաց տնտեսական և քաղաքական համակարգ, որը հիմնված է ժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ինչ վերաբերում է խնդրի ֆինանսական կողմին, ապա ԵՄ-ն տարեկան միայն 100 միլիոն եվրո օժանդակություն, ընդգծեմ` ոչ վարկ, այլ օժանդակություն է տրամադրում Հայաստանին` ծրագրային բարեփոխումների իրականացման համար: Հիմա տեսնենք, թե ինչ է առաջարկում Եվրասիական միությունը: Ի տարբերություն ԵՄ-ի, որն իրեն անդամակցելու համար դնում է շատ հստակ և խիստ պայմաններ, Եվրասիական միությունն ուղղակի պարտադրում է, չի էլ հարցնում` ուզո՞ւմ եք, թե՞ ոչ: Ասվում է` մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դրա մաս կազմի և վերջ: Ես կարծում եմ, որ Հայաստանը դրա մաս չպետք է կազմի, որովհետև Եվրասիական միությունը` Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս, փակ հումքային տնտեսություն ունեցող պետություններ են և իրենց կարող են թույլ տալ ունենալ փակ համակարգ` պետական մենաշնորհ, պետական միջամտություն բիզնես գործունեության մեջ և նաև` փակ քաղաքական համակարգ: Այդ երեք երկրներում հավերժ նախագահների մոդելն է: Այսինքն` սերնդափոխություն չկա: Հաջորդ հարցը. Ադրբեջանն ու Վրաստանը միանո՞ւմ են այդ Եվրասիական միությանը` չեն միանում: Նույնիսկ Լուկաշենկոն է ասում` մենք դեռ չգիտենք` դա ինչ է իրենից ներկայացնում, ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններից հետո կորոշենք: Հիմա մենք ո՞նց ենք հայտարարում, որ միանում ենք գոյություն չունեցող կազմակերպության:
Ա. Կ.- Եթե 100 միլիոն ԵՄ-ն է դնում, ապա Ռուսաստանից եկող բարեկամական օգնությունների վրա ուղղակի մեր երկիրն ապրում է: Եվ հիշեցնեմ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ 3 միլիարդ դոլարի ներդրումներ է Ռուսաստանն արել Հայաստանում: Ես կարող եմ ներկայացնել ներդրումային կլիման 2011թ. ամբողջ ընթացքում. 400 միլիոն դոլար` Ռուսաստանից, 100.08 միլիոն` Ֆրանսիայից, 26 միլիոն՝ Գերմանիայից: Տարբերությունը զգո՞ւմ եք:
Ա. Ղ.- Հայաստանի տնտեսության 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանին: Եվ 80 տոկոսի մասնաբաժնով 400 միլիոն դոլար տարեկան ներդրումը Դուք համարում եք մե՞ծ: 20 տոկոսը բաց է մնացել, մեկ եվրոպական ` Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը մտավ շուկա, հեղափոխություն արեց և´ ծառայությունների, և´ որակի, և´ գնի մասով: Եվրոպական մենեջմենթի, կապիտալի առկայությունը Հայաստանում օրվա հրամայական է: Եվ հետո` Ձեր նշած 400 միլիոն դոլարի մեջ կարո՞ղ եք նայել ռուսաբնակ հայ գործարարների ներդրումն ինչ մաս է կազմում: Վստահ եմ` շատ մեծ:









































