«Կես տարի տակից խոսում էին ՀԱԿ-ԲՀԿ միասնական ճակատ ստեղծելու մասին, իսկ հիմա քշում են»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ ներկայացնելով ներքաղաքական զարգացումները:
Նրա փաստմամբ՝ ՀԱԿ-ից բացահայտ կոչեր են անում ՀԱԿ-ԲՀԿ ուժերը միավորելու մասին, բայց թե ինչ միջոցներով դա պետք է արվի` ՀԱԿ-ը չի կարող թելադրել:
«Միասնական գործունեության վերաբերյալ կարող են նախապայմաններ լինել: Կարող են ասել` միանում ենք, բայց այս-այս պայմաններով: ՀԱԿ-ում առաջին իսկ օրից մի մարդ է որոշում, իսկ մնացածը կարող են միայն կարծիք հայտնել: Ոչ մի նոր բան չկա: Կես տարի է` խոսում են այս մասին, բայց խոսում էին տակից, իսկ հիմա ավելի պարզ ու հստակ են խոսում: Ուզում են միասնական ինչ-որ ճակատ ստեղծել: Իրենց կարծիքով` դա դրական գործընթաց է»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասել էր, որ երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավել նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»-ը և ՀԱԿ-ը: Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման համար այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ գործող քաղաքական տրամաբանությունը փոխվի:






































