Կալանքի տակ գտնվող Արմեն Սահակյանն այսօր տեխնիկական պատճառներով չէր ներկայացվել դատարան: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է շարունակվեր նրա գործի դատավարությունը Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Ամբաստանյալի ներկայությունն ապահովված չէր, և դատական նիստը հետաձգվեց:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սահակյանը Խորենացի 6 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով, սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Սամվել Պետրոսյանի կրծքավանդակի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նախաքննական մարմինը Արմեն Սահակյանին մեղադրանք է առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի առաջին մասով:
Մեղադրողն այսօր հայտնեց, որ մի քանի տարի առաջ Արմեն Սահակյանը դատապարտվել է Ռուսաստանի Դաշնությունում: Դատախազությունը հարցում է կատարել ՌԴ՝ Սահակյանի վերաբերյալ այնտեղ կայացված դատավճիռն ստանալու համար:
Այս գործի դատավարությունը մոտենում է ավարտական՝ կողմերի վիճաբանությունների փուլին: Արմեն Սահակյանը չի ցանկացել պաշտպան ունենալ: Պաշտպանական ճառով, հետևաբար, հանդես կգա ինքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:










































