Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կարսի նահանգի Մշակույթի ու զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանայը հայտարարել է, թե «7 հարկ գետնի տակ գտնվող» քաղաքակրթությունների քաղաք Անիի ավերակները պետք է դուրս բերվեն և լույս սփռեն տվյալ տարածաշրջանի անցյալի, միգուցե նաև՝ ապագայի վրա.
«Անիի ավերակներն ընդգրկում են 78 հեկտար տարածք, որտեղ առկա են եկեղեցի, քարվանսարա, տաճար, բաղնիք, մզկիթ, ինչպես նաև՝ 4500 մետր երկարությամբ պարիսպներ: Անին գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա և հանդիսացել է առևտրային հանգույց: Անիում իրականացվում է 3 նախագիծ, որոնք ավարտվելու են 2013 թվականին: 2011 թվականին Անի է այցելել 21,460 մարդ, որի 60 տոկոսը կազմել են օտարազգիները, իսկ 40 տոկոսը՝ տեղաբնակները:
Անին համակրոնական քաղաք է, այստեղ են եկել տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներ: Մենք Անին անվանում ենք աշխարհի քաղաք և ցանկանում ենք հնարավորինս շուտ այն ոտքի կանգնեցնել և ի ցույց դնել աշխարհին»:











































