2013-ի վերջին Բելգիայում կփակվի Ford մակնիշի ավտոմեքենաներ արտադրող գործարանը: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ 4300 աշխատող կմնա առանց աշխատանքի:
Նման որոշում է կայացվել այսօր՝ գործարանի տնօրինության արտահերթ հանդիպումից հետո: Դա պայմանավորված է Եվրոպայում ավտոարդյունաբերության գերարտադրության ծանր ճգնաժամով: Եվրոպական ավտոարդյունաբերության ընդհանուր արտադրական հզորությունները ներկայում տարեկան կազմում են 15-17 մլն ավտոմեքենա` այն դեպքում, երբ փորձագետների գնահատականներով՝ 2012-ին նրանց պահանջարկը չի գերազանցի 12,3 միլիոնը:
Համաշխարհային մասշտաբներով Ford-ի կորուստները 2012-ին գնահատվում են 1 միլիարդ եվրո: Գործարանի փակումը թույլ կտա 700 մլն եվրո խնայել: Ներկայում ողջ անձնակազմն անժամկետ արձակուրդում է:









































