Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, որը Վրաստանի խորհրդարանում ունի 85 մանդատ՝ ընդդեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության 65 մանդատի, սկսել է աշխատանքներ տանել սահմանադրական մեծամասնություն (100 ձայն) ստանալու ուղղությամբ:
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ, «Վրացական երազանքի» առաջնորդներից Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ պետք է շուտով ուղղել Սահմանադրությունը՝ երկիրը քաղաքական ճգնաժամից փրկելու համար: Նա հերքել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեղադրանքը, թե «Վրացական երազանքը» իր կողմ է հրապուրում իրենց պատգամավորներին.
«Դա բնական գործընթաց է, նրանք իրենք են գալիս մեզ՝ խորհրդարանական մեծամասնության մոտ՝ հիասթափվելով իրենց կուսակցությունից: Այդ պատգամավորներին սպառնում են մեզ մոտ չգալ: Մենք աշխատելու ենք սահմանադրական մեծամասնություն ստանալու ուղղությամբ, ինչը բացարձակապես դրական ու բնական գործընթաց է»:









































