Բարաք Օբամայից և Միթ Ռոմնիից հետո ԱՄՆ առաջին տիկնոջ կոչման համար մարտի են բռնվել նրանց կանայք՝ Միշելն ու Էնը: Նրանց զենքն է՝ հաճոյախոսություններն ամուսիններին, խոհարարական բաղադրատոմսերը և անձնական բացահայտումները: Այս մասին հայնում է MIGnews-ը:
Ամերիկացի ընտրողներին իրենց կողմը գրավելու համար քիչ ժամանակ է մնացել: Նոյեմբերի 6-ն տեղի կունենան ԱՄՆ-ի պատմության մեջ 57-րդ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով կորոշվի, թե ով կղեկավարի երկիրը առաջիկա 4 տարիներին:
Սպիտակ տան համար զուգահեռ լուրջ պայքար է ծավալվել նաև թեկնածուների կանանց միջև, որոնք ընտրազանգվածին գրավելու համար կիրառում են տպագիր մամուլը, հեռուստատեսությունը, հանդես գալիս հրապարակային ելույթներով:
Նրանք երկուսն էլ ցույց են տալիս եռանդ ու ոգևորություն, էլեգանտ հագուստները, հանրությանն առաջարկում են խոհարարական բաղադրատոմսեր, խոսում կենսակերպի մասին և հայտնում իրենց տեսակետը օրինակելի ընտանիքի մասին:
Ամերկացին կարող է ընտրել առավոտյան ժամը 5-ին ամենօրյա զբոսանքները՝ առաջարկված Միշել Օբամայի կողմից և ձիազբոսանքը՝ առաջարկված Էն Ռոմնիի կողմից: Եթե վերջինս ամերիկացիներին ոգևորում է ցրված սկլերոզի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ անձնական պայքարի մասին պատմություննեով, ապա Միշել Օբաման կիսվում է գեղեցիկ կազմվածքի գաղտնիքներով՝ մատնանշելով Սպիտակ տան բանջարանոցում աճող թարմ բանջարեղենը:
Խոհարարական մենամարտում Միշել Օբաման հաղթել է Էն Ռոմնիին: Family Circle ամսագրի հոկտեմբերյան համարում Միշել Օբամայի առաջարկած ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներին հավանություն էր տվել ընթերցողների 51.5 տոկոսը: Առավել քիչ հավանության էր արժանացել Ռոմնիի առաջարկած M&M’s կոնֆետներով վարսակի գունավոր թխվածքաբլիթը:
Այդ մրցույթը պակաս կարևոր չէ նախագահի թեկնածուների դեբատներից, քանի որ, ըստ վիճակագրության՝ նախորդ 5 հաղթողներից 4-ը դարձել են Սպիտակ տան տիրուհի:










































