Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ ԱԽ-ի միջոցով ընդունել մի բանաձև, որը թույլ կտա ռազմական գործողություններ իրականացնել Իրանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Российская газета»-ին տված հարցազրույցում:
«Ինչպես ցույց տվեց լիբիական փորձը, դժբախտաբար, ռազմական սցենարը հավանական է: Մենք կապահովենք, որպեսզի ոչ մի բանաձև չենթարկվի այնպիսի մեկնաբանման, ինչպես լիբիականը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը կամ ԱՄՆ-ը կարո՞ղ են ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:
Ըստ Լավրովի՝ այժմ ոչ մի վկայություն չկա այն մասին, որ Իրանը որոշում է կայացրել միջուկային ծրագիրն օգտագործել ռազմական նպատակներով։ Նախարարը նշել է, որ ներկա պահին իրանական օբյեկտները գտնվում են ԱԷՄԳ-ի հսկողության ներքո:
Նա հայտարարել է, որ այժմ Մերձավոր Արևելքի արաբական երկրներում և Իրանում գնալով ավելի շատ են բացահայտորեն խոսում այն մասին, որ հեղափոխություններից, խռովություններից պաշտպանվելու լավագույն միջոցը միջուկային զենք ունենալն է: Լավրովի խոսքերով` դա Մերձավոր Արևելքի ժողովրդականացման և «արաբական գարնան», այսպես կոչված, քաղաքականության հետևանքներն են:










































