Արաբական ԶԼՄ-ները հրապարակել են Բեյրութի Աշտրաֆիեհ շրջանի ռեստորանում տեսահսկման խցիկների տեսագրությունը ուժգին պայթյունի պահին, որի հետևանքով զոհվել է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի տեղեկատվության վարչության ղեկավար, գնդապետ Ուիսամ էլ Հասանն ու ևս 8 մարդ:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հրշեջներից և փրկարարներից մի քանի ժամ է պահանջվել՝ պարզելու, որ դրա նպատակը եղել է Հասանը: Այս մասին գրում է MIGnews-ը:
Հասանի ոչնչացումը մեծապես ապակայունացրել է Լիբանանում ներքին իրադրությունը: Սուննիական խմբավորումները պահանջում են Ասադին աջակցող Նաջիբ Միքաթիի կառավարության անհապաղ հրաժարականը: Կառավարությունում գերիշխում են «Հըզբոլլահի» ղեկավարած խորհրդարանական բլոկի ներկայացուցիչները: Վերջին երեք գիշերվա ընթացքում Բեյրութում և Տրիպոլիում փոխհրաձգություններ են տեղի ունենում սուննիների և Ասադի կողմնակիցների միջև: Փոխհրաձգություններին զոհ է գնացել ավելի քան 10 մարդ:










































