Սեպտեմբերի սկզբից Սան Անտոնիոյի երկու դպրոցներում իրականացվում է աշակերտներին ռադիոնիշով նույնականացման քարտերով հետևելու փորձը, որն արժանացել է դպրոցների ղեկավարների հիացմունքին: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Student Locator ծրագիրը բարձրացրել է աշակերտների հաճախելիությունը. դա կարևոր չափանիշ է, քանի որ դրանից է կախված ԱՄՆ-ում դպրոցների պետական ֆինանսավորման չափը:
Փորձի ընթացքում պետությունը դպրոցներին ամեն օր յուրաքանչյուր սովորողի համար վճարում է 30 դոլար: Փորձի հաջորդ փուլում ծրագրին կմիանան 112 դպրոց, որոնցում սովորում է 100 հազար երեխա:
Գոհ են նաև ծնողները: Այժմ արդեն նրանք գիտեն՝ երեխան երբ է դպրոց մտել, երբ՝ դուրս եկել: Ֆիքսվում են նաև երեխայի՝ գրադարան և այլ վայրեր մուտքերը:
Սակայն գտնվել են ծնողներ, որոնք բողոքում են երեխաներին ապօրինի կերպով հետևելու դեմ: Նրանք այդ առնչությամբ մամուլում հրապարակմամբ են հանդես եկել, նույնիսկ իրենց բողոքը լսելի դարձնելու համար հեռուստալրագրող են հրավիրել: Այդ ծնողների խոսքով՝ նորարարությունն առաջին հերթին պետք է կիրառել քաղաքական գործիչների վրա:
Սկանդալն ազգային մասշտաբի է հասնում, իսկ Սան Անտոնիոյի դպրոցական վարչության կայքը DdoS հարձակման պատճառով արդեն մեկ շաբաթ է՝ չի գործում:
Աշակերտներին մտահոգում է այն, որ միկրոչիպերը կարող են իրենց տեղաշարժին հետևել ոչ միայն դպրոցի ներսում, այլև դպրոցից դուրս:






































