Այսուհետ Խաչատուր Քոքոբելյանը որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Այս մասին Ազգային ժողովի այսօր սկսված հերթական քառօրյա նիստերի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Դրան ի պատասխան՝ Խ. Քոքոբելյանը հայտարարեց, թե խմբակցության նիստում առաջարկել է, որ Ռ. Հակոբյանի փոխարեն խմբակցությունը ղեկավարի Զարուհի Փոստանջյանը:
Խ. Քոքոբելյանը նաև հայտարարեց, որ ինքը և Ալեքսանդր Արզումանյանը այսուհետ չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը և ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
ԱԺ նիստի սկզբում հայտարարվեց նաև, որ Թևան Պողոսյանը գրանցվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր:
Զ. Փոստանջյանի հարցադրմանը՝ հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է ընդգրկված մնան ԱԺ օրակարգում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց, որ դրանք «խայտառակ արձանգրութուններ» չեն, և դա ՀՀ նախագահի որոշելու խնդիրն է, ԱԺ-ն որևէ առաջարկ չի ստացել:










































