Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին: Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը: «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցությունում, քանի որ օրենսդրությունն է այդպես պահանջում, բայց դա կլինի ձևական:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև վեճ էր առաջացել պատգամավորական մանդատները վայր դնելու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքն ու Քոքոբելյանն ավելի վաղ պայմանավորվել են, թե մանդատները պետք է վայր դնեն միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր մանդատից, իսկ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել:
Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» և քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին»:
Իր հերթին Քոքբելյանը հայտարարել էր. «Ափսոսանք եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































