Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող Coca-Cola ընկերությունը և Ֆրանսիայի խոշորագույն Sanofi դեղագործական ընկերությունը նախատեսում են համատեղ նախագիծ իրականացնել:
Ֆրանսիայի սուպերմարկետներում և դեղատներում շուտով վաճառքի են հանվելու նոր ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք համատեղ արտադրելու են Coca-Cola-ն և Sanofi-ն: Նոր խմիչքների բաղադրության մեջ մտնելու են ոչ միայն սովորական հյութեր և հանքային ջուր, այլ հատուկ հավելումներ, որոնք, ինչպես պնդում են արտադրողները, կլավացնեն մաշկի, եղունգների և մազերի որակը: Դրանք նաև կնպաստեն ավելորդ քաշից ազատվելուն, օրգանիզմի կենսագործունեության բարձրացմանը:
Ինչպես կարծում են ֆինանսական շուկայի փորձագետները, Sanofi-ի համար նոր նախագիծը կարող է հանգեցնել շահույթի մեծացման, իսկ Coca-Cola-ն առաջին հերթին մտածում է խմիչքների բազմազանությունը և այսպես կոչված «առողջ մթերքի» չափաբաժինը բարձացնելու մասին:









































