Գլխավոր ասամբլեայում ներկայացվել է նախագիծ, որը Սիրիայում մարդու իրավունքների խախտման պատասխանատվությունը դնում է երկրի կառավարության վրա: Փաստաթղթի հեղինակները մի խումբ արաբական պետություններ են: Ներկա պահին փաստաթուղթը դիտարկում է ԳԱ 3-րդ հանձնաժողովը: Հաստատումից հետո տեքստը կքննարկվի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Բանաձևի նախագիծը վճռականորեն քննադատում է սիրիական իշխանությունների և կառավարամետ ոստիկանության` «շաբիհայի» կողմից մարդու իրավունքների և հիմնական ազատությունների խախտումը, մասնավորապես` ծանր զինամթերքի կիրառումը, քաղաքացիների դեմ ուժ կիրառելը, բռնությունները, բողոքի ակցիայի մասնակիցներին հետապնդելը, սպանությունները:
Բանաձևի տեքստը միջազգային հանրությանը կոչ է անում վերջ դնել անպատժելիությանը և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտման մեջ: Այս կապակցությամբ փաստաթուղթը Անվտանգության խորհրդին կոչ է անում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Բանաձևի նախագծում տեղ են գտել նաև սիրիական սահմանի կողմից Թուրքիայի տարածքի գնդակոծման միջադեպերը, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:










































