Բրյուսելում Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին և Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչին շնորհվել են հանդուրժողականության Եվրոպական շքանշաններ՝ հանդուրժողականության գաղափարներն առաջ տանելու վճռականության և Բալկաններում հաշտության համար:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, մրցանակները հիմնվել են հանդուրժողականության և հաշտության եվրոպական խորհրդի (ՀՀԵԽ) կողմից: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի շենքում՝ ՀՀԵԽ նախագահ, Լեհաստանի նախկին ղեկավար Ալեքսանդր Կվասնևսկու, ՀՀԵԽ համանախագահ Վյաչեսլավ Կանտորի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի մասնակցությամբ:
«Երկու նախագահներն էլ իրենց մեջ համարձակություն են գտել հրապարակվ ընդունելու և ներողություն խնդրելու Բոսնիա Հերցեգովինայում իրականացված հանցագործության համար, որը 1990-ականներին ամայացրեց այդ շրջանը,- ասվում է ՀՀԵԽ պաշտոնական հաղորդագրության մեջ:- Նրանց ջանքերի շնորհիվ հաշտության գործընթացը շրջադարձ է ապրել ինչպես Խորվաթիայում, այնպես էլ Սերբիայում: Նրանք դրել են Հարավարևելյան Եվրոպայում հանդուրժողականության մշակույթի զարգացման հենքը, որը հիմք է հանդիսանում հետագա ժողովրդավարացման և հաշտության համար»:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հատուկ ընդգծել է բալկանյան երկու առաջնորդների արժանիքները՝ նշելով, որ նրանք իսկական եվրոպացի են: Նրա խոսքերով՝ Եվրոպան հանդուրժողականության լավագույն օրինակն է, որը կարող է օրինակ ծառայել ուրիշների համար:









































