Աշխարհում օգտագործվող սմարթֆոնների թվաքանակը 2012-ի երրորդ եռամսյակի տվյալներով՝ առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդը: Այս մասին հայտարարում է Bloomberg գործակալությունը`հղում անելով Strategy Analytics հետազոտական ընկերությանը:
Ինչպես նշվում է հետազոտությունում, միայն վերջին տարում ակտիվ սմարթֆոնների թվաքանակն աճել է 47 տոկոսով` 706 միլիոնից դառնալով 1 միլիարդ 38 միլիոն սարքի:
Strategy Analytics-ի փորձագետները ենթադրում են, որ 2015-ին սմարթֆոնների թվաքանակը կհասնի երկու միլիարդի: Առաջին հերթին, ինչպես նշվում է, դա տեղի կունենա Չինաստանի, Հնդկաստանի և աֆրիկյան երկրների զարգացող շուկաների հաշվին, որոնցում սմարթֆոնների տարածվածության մակարդակը ներկա պահին համեմատաբար ցածր է:
Հետազոտության հեղինակները կարծիք են հայտնել, որ առաջիկա 5 տարիներին սմարթֆոնների շուկայում կշարունակեն գերիշխել Android և Apple iOS օպերացիոն համակարգերով ապարատները, սակայն նրանց կարող է զգալիորեն մոտենալ Microsoft-ի Windows Phone պլատֆորմը, որը ներկայում զգալի մասնաբաժին չունի շուկայում:
Սմարթֆոնների վաճառքի համար հաշվարկի սկզբնակետ է ընդունվել 1996 թվականը, երբ շուկայում առաջին անգամ հայտնվել է Nokia Commuticator ապարատը: Հաշվետվությունում նշվում է, որ շուկայի համար բեկումնային պահ է եղել 2007 թվականին Apple-ի առաջին iPhone-ի հայտնվելը:






































