Այսօր ժամը 15-ին վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար Քրիստինե Ներսիսյանի նկատմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Քրիստինե Ներսիսյանը մեղադրվում է Ռաֆիկ Մարկոսյանի հետ նախնական համաձայնությամբ անչափահաս աղջկա նկատմամբ թրաֆիքինգ կատարելու՝ նրան խաբեությամբ ՌԴ տանելու և աշխատանքային շահագործման ենթարկելու համար: Նախաքննական մարմնի մեղսագրած արարքի մի դրվագով դատարանը Քրիստինեին անմեղ էր ճանաչել, իսկ երկրորդ դրվագով մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 11տարի ազատազրկման:
Քրիստինեի հանցընկերը համարվող Ռաֆիկ Մարկոսյանի մասով գործը դեռևս քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, Քրիստինե Ներսիսյանի գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Այսօր Ռաֆիկ Մարկոսյանի գործի քննությունը հետաձգվեց դատավորի հիվանդության պատճառով: Չկայացավ նաև Քրիստինե Ներսիսյանի գործի քննությունը դատական երկրորդ ատյանում՝ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառաբանությամբ:








































