Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Այն նշվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-ի որոշմամբ:
Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներով` Հայաստանում աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակում՝ 48.3 տոկոս, և Լոռիում՝ 45.9 տոկոս: Ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի, առավել ցածր է Երևանում, Տավուշում և Սյունիքում:
Փորձագետ Հարություն Մեսրոպյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ճգնաժամից առաջ և հիմա Հայաստանում աղքատությունը կրկնապատկվել է. «Ոչ թե թիվն է ինձ հետաքրքրում, այլ այն փաստը, որ ճգնաժամից առաջ և հիմա (Հայաստանը մինչ այժմ գտնվում է ճգնաժամի մեջ) աղքատության ցուցանիշները կրկնապատկվում են: Մինչև ճգնաժամը` աղքատությունը կազմում էր մոտավորապես 17 տոկոս, իսկ հիմա 35 տոկոս է: Աճել է նաև ծայրահեղ աղքատների թիվը, իսկ դա նշանակում է, որ մենք դեռ գտնվում ենք ճգնաժամի մեջ»:
Մեսրոպյանը նշեց, որ երեխաներն աղքատության հետևանքով ունեն ոչ հավասար ստարտային պայմաններ, իսկ դա դպրոցում, հետագայում նաև բուհեր ընդունվելու և մնացած այլ առումներով լուրջ խնդիր է:
Ինչ վերաբերում է Հայաստանում աղքատության դեմ պայքարին, ապա Հարություն Մեսրոպյանի կարծիքով` նման պայքար գոյություն չունի. «Աղքատությունը հարցի մի կողմն է, այլ բան է, որ այդ աղքատությունը կանխարգելելու համար պետությունը պարտավոր է բավարարել ստարտային հավասար իրավիճակներ: Մեզ մոտ, միանշանակ, դա չի արվում: Կան տարբեր կազմակերպություններ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, աղքատության դեմ պայքարի և այլն: Բայց եթե մարդկանց՝ հասարակ քաղաքացիներին հարցնես, ապա գրեթե չեն գտնվի այնպիսիները, որոնք կասեն, թե աղքատության դեմ պայքար է գնում:
Աղքատության դեմ պայքար ասելով նկատի ունենք այնպիսի պայքար, որը հասարակությունը առօրյա կյանքում զգա, իսկ նման բան չկա: Համապետական և այլ շատ ծրագրեր չեն բերում տեսանելի, շոշափելի շարժ, հետևաբար հարյուր տոկոսով կարելի է ասել, որ այդ ծրագրերը և նրանցում մշակված մեթոդները աղքատության դեմ պայքարի համար մնում են թղթի վրա»,- եզրափակեց փորձագետը:









































