Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօրվա նիստում սկսել է տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունների քննարկումը:
Մեղադրող Արթուր Դավթյանը մեկ առ մեկ անդրադարձել է միջնորդություններին, որոնք նպատակ ունեն լրացնել, ըստ կողմի, նախաքննության բացերն ու խախտումները: Մեղադրողը գտնում է, որ միջնորդությունների որոշ մասը պետք է մերժել, իսկ մի մասի քննարկումը հետաձգել և անհրաժեշտության դեպքում անդրադառնալ հետագայում:
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատավորը, այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, հրապարակել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով տուժող կողմի միջնորդությունների վերաբերյալ որոշումը: Ըստ դրա, դատարանը հետաձգել է գործով նոր ապացույցների ձեռք բերման և մի շարք քննչական գործողությունների անցկացմանն ուղղված տուժող կողմի միջնորդությունների քննարկումը՝ մինչև գործի էական հանգամանքների պարզումը:
Պաշտպանական կողմն իր հերթին միջնորդել է լրացնել վկաների դատակոչի ցուցակը՝ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Հոկտեմբերի 22-ի դատական նիստում միջնորդությունը կքննարկվի և կընդունվի դատարանի որոշումը:








































