Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի առաջատարներ Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում են խելահեղ մրցավազքը՝ այդ ճանապարհին սահմանելով բազմաթիվ նոր ռեկորդներ: Մեսիի ու Ռոնալդուի հակամարտությունը ստիպեց թերթել պատմության էջերը և վերհիշել ևս մի քանի պատմական հակամարտություններ, որոնցից առանձնացրել ենք 5-ը:
Լիոնել Մեսի vs Քրիշտիանու (2009 թվականից մինչև հիմա)
Ֆուտբոլիստների հակամարտությունը մեկնարկեց 2009 թվականին, երբ Ռոնալդուն 94 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Ռեալ»: Լարված մրցակցության պայմաններում համաշխարհային ֆուտբոլի գրանդների առաջատարները բազմաթիվ ռեկորդներ են սահմանել և հաղթանակներ պարգևել իրենց ակումբներին: Վերջին «Էլ կլասիկոն» ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Ռոնալդուն ու Մեսին դարձան դուբլի հեղինակ:
Ստացած «Ոսկե գնդակների» քանակով Մեսին գերազանցում է Ռոնալդուին: Արգենտինացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 3 անգամ, իսկ պորտուգալացին՝ 1:
Ռոջեր Ֆեդերեր vs Ռաֆայել Նադալ (2004 թվականից մինչև հիմա)
«Ավազի արքան» ու «Շվեյցարացի մաեստրոն» արդեն 8 տարի պայքարում են ուժեղագույնի կոչման համար: Նրանց պայքարին վերջին ժամանակներս միջամտել է Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը, սակայն Նադալ – Ֆեդերեր հակամարտությունն ավելի խոր արմատներ ունի: Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Նադալը դեռ ընդամենը 17 տարեկան էր: Այդ ժամանակ Նադալը պարտության մատնեց Wimbeldon-ի և Australian Open-ի գործող չեմպիոնին՝ Miami Masters-ի շրջանակներում, որից հետո զարկ տրվեց պատմական մրցմանը:
Այդ հանդիպումից հետո թենիսիստները հանդիպել են ևս 27 անգամ: Նադալը կրել է 17 պարտություն, Ֆեդերերը՝ 10: Շվեյցարացին ու իսպանացին 5 տարի շարունակ զբաղեցնում էին ATP մրցաշարային աղյուսակի 1-ին և 2-րդ հորիզոնականը:
Մայքլ Ֆելփս vs Ռայան Լոխտե (2004-2012թթ.)
Մայքլ Ֆելփսի և Ռայան Լոխտեի հակամարտությունը լողի պատմության մեջ ամենադրամատիկներից է: 2012թ. ԱՄՆ ներկայացուցիչ Լոխտեն Լոնդոն էր ժամանել 2 ոսկե մեդալների ակնկալիքով, բայց նվաճեց ընդամենը արծաթ և բրոնզ՝ հերթական անգամ զիջելով իր հայրենակցին: Իսկ Ֆելփսը 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Օլիմպիական խաղերի լավագույն լողորդ:
Աիրտոն Սեննա vs Ալեն Փրոսթ (1988-1994թթ.)
«Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ լավագույն պիլոտներից 2-ը՝ Աիրտոն Սեննան ու Ալեն Փրոսթը 1988-1994թթ. վազքուղում պայքարում էին լավագույնի կոչման համար: Պիլոտները 1988թ. հանդես են եկել «Մաքլարեն»-ի կազմում, սակայն փոխադարձ մեղադրանքներն ու 1989թ. բախումը Փրոսթին ստիպեց տեղափոխվել «Ֆերրարի»: Հակամարտությունն ավարտվեց 1994թ., երբ հանկարծամահ եղավ Սեննան:
Մոհամեդ Ալի vs Ջո Ֆրեյզեր (1971-1975թթ.)
Մինչև պատմական մենամարտերը Ալին ու Ֆրեյզերը համարվում էին անպարտելի:
Հակամարտությունը սկսվեց Ֆրեյզերի՝ 1971թ. Նյու Յորքում տոնած հաղթանակով (մրցավարների միաձայն որոշմամբ): Մարզական կարիերայում իր առաջին պարտությունն Ալիին ստիպեց այլ աչքերով նայել հակառակորդին: Նա 1974թ. ռևանշի հասավ (հաղթողի անունը կրկին հայտնի դարձավ միավորների հաշվարկից հետո):
Երրորդ հանդիպումը ստացավ «Դարի մենամարտ» անվանումը և արդարացրեց երկրպագուների սպասելիքները: 12-րդ ռաունդում Ֆրեյզերը լուրջ վնասվածքներ էր ստացել, սակայն շարունակում էր մենամարտը: 14-րդ ռաունդում նա գրեթե ոչինչ չէր տեսնում, սակայն շարունակում էր համարձակ շարժվել դեպի հակառակորդն ու պատասխանել նրա հարվածներին: Ֆրեյզերի մարզիչը որոշեց դադարեցնել մենամարտը: Նա չէր նկատել, որ մյուս անկյունում Ալին խնդրում է հանել ձեռնոցներն ու տեխնիկական նոկաուտ գրանցել իր հաշվին: Հաղթանակը շնորհվեց Ալիին (Ֆրեյզերի անվան դիմաց տեխնիկական նոկաուտ գրանցվեց):









































