Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco Gas Pipeline International GmbH-ի մամլո քարտուղար Քրիստիան Դոլեզալը հայտարարել է, որ ադրբեջանական գազը կարող է բավարարել Եվրոպայի գազային կարիքների 7-8 տոկոսը.
«Եվրոպական երկրների ներկայիս գազային կարիքները չեն արտացոլում ամբողջական պատկերը: Անհրաժեշտ է մտածել երկարատև հեռանկարի մասին, թե ինչ կլինի 10, 20, 30 տարի անց: Մենք գիտենք, որ այդ շուկաներն աճելու են, և այդ համատեքստում մենք խոսում ենք ոչ միայն Բուլղարիայի, Հունգարիայի և Ավստրիայի մասին:
Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Բալկանյան երկրները՝ Խորվաթիան, Չեռնոգորիան: Այնտեղ առկա է մեր տարանցիկ երկրներից եկող խողովակաշարային ցանց, և SOCAR-ը հնարավորություն ունի դուրս գալ այդ շուկաներ: Ներկայումս Ադրբեջանում բացվում են նոր գազահանքեր:
Եվրոպայում գազի տարեկան պահանջարկը կազմում է 550 միլիարդ խորանարդ մետր: Եվ եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական գազի ծավալը կազմելու է մոտ 30 միլիարդ խորանարդ մետր, ապա կստացվի, որ Ադրբեջանը կարող է բավարարել Եվրոպայի գազային պահանջների 7-8 տոկոսը: Սակայն կարևորը թիվը չէ, կարևորն այն է, որ մենք բացում ենք նոր աղբյուր և նոր երթուղի՝ փոխելով խաղի կանոնները:
Բնականաբար, Ռուսաստանը կշարունակի մնալ որպես Եվրոպայի խոշորագույն գազամատակարար: Գազի մատակարարումները կշարունակվեն Նորվեգիայից, Լիբիայից, Ալժիրից: Սակայն բուն Եվրոպայում գազի արդյունահանումն ընկնում է, և մեզ անհրաժեշտ են էներգակիրների խոշոր աղբյուրներ: Դրանք առկա են Կասպիցում, իսկ եվրոպական շուկան շատ մեծ է»:








































