Google-ը մեծացրել է իր StreetView ծառայության ծածկույթը՝ կրկնակի ավելացնելով հատուկ հավաքածուների թիվը ու թարմացնելով համայնապատկերների ծածկույթը ավելի քան 400 հազար կմ-ով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Սա ամենածավալուն նորարարությունն է ծառայության ամբողջ պատմության մեջ, որը թույլ կտա տեսնել տարբեր քաղաքների փողոցները այնպես, ինչպես, եթե օգտատերը կանգներ այնտեղ ու դիտեր իր չորս կողմը:
Նկարահանումն ապահովել են հատուկ «գուգլամոբիլները»՝ հագեցած համայնապատկերային տեսախցիկներով ու պրոֆեսիոնալ նավիգացիոն համակարգերով:
Google Street View-ում հայտնվել են Շվեդիայի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Թայվանի, Իտալիայի, Դանիայի ու այլ երկրների ճանապարհների լուսանկարները: Ընկերությունը ավելացրել է նաև հատուկ հավաքածուներ (տեսարժան վայրերի լուսանկարներ)՝ կատարված Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում և Մեքսիկայում: Այս մասին տեղեկացվում է Google-ի հաղորդագրության մեջ: