Ամերիկյան Huffington Post պարբերականը հրապարակել է հայազգի երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` լրագրող Էնդրյու Ֆիշի հետ հարցազրույցում աշխարհահռչակ երաժիշտն անդրադարձել է իր նոր` «Harakiri» ալբոմին, «System of a Down» ռոք խմբի հետ համագործակցությանը և հայ ժողովրդի դառը ցավին` Ցեղասպանությանը:
«Երբ դուրս եկավ «System of a Down»-ի առաջին հիթը, զգացվեց, որ նրանց երգը և զգացմունքայնությունը մեկ այլ տեղից են գալիս: Սերժ Թանկյանի ձայնն արտահայտում է մշակութային պատմություն, որով ոչ միայն կրթում է, այլ նաև զվարճացնում: Կասկածում եմ, որ շատերը երբևէ կլսեին Հայոց ցեղասպանության մասին, եթե չլիներ Թանկյանի ակտիվությունն այս հարցում: Նրա վերջին գլուխգործոցը` «Harakiri» ալբոմն է, որտեղ արծարծվում է շրջակա միջավայրի աղտոտման, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, և ամերիկյան մի շարք այլ խնդիրները: Երբ 2001 թվականին առաջին անգամ լսեցի խմբի երգերը` ցանկանում էի լսել ավելի շատ հայ կատարողների»,-հիշում է հոդվածագիրը:
Ալբոմի վերնագրի ընտրության հարցում երաժշտին ներշնչել է 2011 թվականին ձկների և թռչունների զանգվածային ոչնչացումները, ինչը Թանկյանը բնութագրել էր «Հարակիրի»: Ֆիշը շեշտում է, որ Թանկյանի ալբոմներից «Հարակիրի»-ն իր ամենասիրելին է: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև «System of a Down» խմբի հետ Թանկյանի համագործակցությանը և շրջագայություններին, երաժիշտը պատմել է համատեղ համերգների մասին:
Ֆիշին հետաքրքրել է, արդյո՞ք Թանկյանի ձայնի վրա իր ժողովրդի անցյալն ազդեցություն թողել է, ինչին ի պատասխան երաժիշտն ասել է. «Կարծում եմ, որ ձայնիս վրա ունեցած ազդեցությունն արտահայտվում է տխրությամբ` մելամաղձությամբ, ինչը բնորոշ իմ ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ` որպես երկրորդ կարգի մարդ: Հայոց ցեղասպանության ցավը և կատարվածը, կարծում եմ, արտահայտված են իմ ձայնում: Կարծում եմ, իսկապես, ինչ-որ բան կա իմ ձայնում, որը ես չեմ կարող նկարագրել»,-անկեղծացել է Թանկյանը:









































