Ճապոնացիները վիրավորվել են՝ լսելով, թե ինչպես է իրենց ֆուտբոլային հաղթանակի մասին արտահայտվում ֆրանսիական France 2 հեռուստաալիքը: Գործը հասել է կառավարությանը. պաշտոնական Տոկիոն բողոք է հղել հեռուստաալիքին` կատակի առնչությամբ. ֆուտբոլային խաղից հետո հաղորդավարը իրեն թույլ է տվել կատակել: Խաղի արդյունքում Ճապոնիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին: Այս մասին հայտնում է НТВ.Ru-ն:
Շաբաթօրյա հեռուստաշոուի ժամանակ` ուրբաթ օրը կայացած խաղը քննարկելիս, հաղորդավարը նշել է, որ ճապոնացիների հաջողության մեջ մեծ ներդրում է ունեցել դարպասապահ Էյձի Կավասիման: Էկրանին ցուցադրվել է մոնտաժված լուսանկար` դարպասապահին պատկերած 4 ձեռքով:
«Կարծում եմ` դա Ֆուկուսիմայի էֆեկտն է»,- կատակել է հաղորդավարը, իսկ լսարանը երկար ժամանակ չի կարողացել հանդարտվել՝ բուռն ծիծաղով հավանություն տալով կատակին:
Փարիզում Ճապոնիայի դեսպանատունը բողոք-նամակ է հղել հեռուստաալիք: Նամակում նշվում է, որ նման արտահայտությունը վիրավորում է աղետի հետևանքով տուժածների զգացմունքները:









































