ԱՄՆ վարչակազմը ողջունել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԵՄ որոշումը: Վաշինգտոնը վստահություն է հայտնել, որ այդ միջոցառումները կարող են օգնել՝ ավելացնելու ճնշումը Իսլամական Հանրապետության վրա և ստիպելու նրան դադարեցնել միջուկային ծրագիրը: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման տեղեկություն է պարունակվում Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:
«Միայն Իրանի մեկուսացման շուրջը մեր ուժերը միավորելով և նրա ղեկավարւթյան վրա ճնշումն ուժեղացնելով՝ միջազգային հանրությունը կկարողանա ստիպել նրան հրաժարվել միջուկային ծրագիրը զարգացնելու ցանկությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. հոկտեմբերի 15-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը որոշում կայացվեց արգելել եվրոպական և իրանական բանկերի միջև ցանկացած գործարքներ՝ բացառությամբ դեղամիջոցների, պարենամթերքի և մարդասիրական օգնության հետ կապված գործարքներից:











































