Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել միջազգային հանրությանը զենք չմատակարարել Սիրիային, որտեղ չեն դադարում զինված բախումները կառավարական ուժերի և ընդդիմության միջև:
«ԵՄ-ը նախազգուշացնում է՝ կապված հակամարտության ուժեղացող ռազմականացման հետ: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ Սիրիային զենք մատակարարելուց և հետևել ԵՄ օրինակին՝ զինված բախումներ հրահրող մատակարարումները դադարեցնելու համար»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է RIA Novosti-ն:
ԵՄ մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստին հավանության է արժանացրել Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական՝ 19-րդ փաթեթը: Դրանով մասնավորապես արգելք է դրվել Սիրիա ԵՄ երկրներից զենքի ներմուծման և սիրիական զենքի տեղափոխման ցանկացած տիպի մասնակցության վրա:
Բացի այդ, նոր պատժամիջոցներով արգելվել են սիրիական ավիաընկերությունների թռիչքները և վայրէջքը ԵՄ երկրներում, և ֆորմալ արգելք է դրվել երրորդ երկրի միջոցով Դամասկոսին օդային կամ ջրային ճանապարհով զենքի մատակարարումն ապահովագրելու վրա: Բացի այդ, ԵՄ տարածք մուտք գործելու իրավունք չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը» համալրել են ևս 28 պաշտոնյաներ, սառեցվել են երկու սիրիական ընկերությունների հաշիվները:








































