Փարիզն ու Ստոկհոլմը Pricewaterhouse Coopers-ի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ ներառվել են լավագույն համաշխարհային մայրաքաղաքի հնգյակում:
Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Նյու Յորք, Լոնդոն, Տորոնտո, Փարիզ, Ստոկհոլմ: 4-րդ հորիզոնականը գրավելը իսկական հաղթանակ է Փարիզի համար, քանի որ անցած տարի Փարիզը չէր ընդգրկվել հնգյակում`զբաղեցնելով վարկանիշային աղյուսակի միայն 8-րդ հորիզոնականը:
Ամենամյա դասակարգման տնտեսական ստորաբաժանման մեջ Պեկինից հետո Փարիզը երկրորդ քաղաքն է տնտեսական զարգացմամբ: Մշակութային զարգացմամբ զիջելով Ստոկհոլմին ու Տորոնտոյին` կյանքի որակով Փարզն առաջ է անցնում Սիդնեյից, Հոնգկոնգից, Սան Ֆրանցիսկոյից, հաղորդում է Euromag-ը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի հիմնական խնդիրը մասնագետներն անվանել են բիզնեսի վարման դժվարությունը, անշարժ գույքի գները ու ներդրումների փոքր ծավալները ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:
Հիշեցնենք, որ ըստ UBS բանկի` աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Օսլոն, Ցյուրիխը, Տոկիոն:
Ապրելու համար «ամենաբյուջետային» քաղաքներն են հնդկական Նյու Դելին ու Մումբայը:









































