ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այն հարցին, թե որքանով է ԶՈւ-ն տրամադրում թափանցիկ տեղեկատվություն:
Նրա խոսքով` ԶՈւ-ն կազմակերպում է ասուլիսներ, քննարկումներ. «Թող չհնչի որպես ինքնագովազդ, բայց բացեք ցանկացած կայք, կտեսնեք մեր մեկնաբանությունները, որոնք մեր թափանցիկության արտահայտությունն են: Երկու ամիսը մեկ ծավալուն ասուլիսները վկայում են դրա մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հայոց պետությունը` իր հսկայական մեքենայով, լիովին թափանցիկ լինել չի կարող, բայց այն աճման միտում ունի:
«Լրատվության մասշտաբների մեծացումը որակական կարգավորման խնդիր ունի. և՛ մենք աշխատանքներ ունենք անելու, և՛ դուք»,- դիմեց նա լրագրողներին:
Անդրադառնալով բանակում գոմեշի մսի պատմությանը և այն հարցին, թե որքանով բանակն այսուհետ ապահովագրված կլինի նմանատիպ մթերքից` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տղաները, որոնք ծառայել են բանակում, գիտեն, որ այժմ սննդի որակական ցուցանիշները, ի տարբերություն 90-ականների և 2000-ականների սկզբի, բարձրացել են:
Նրա խոսքով` վերոնշյալ թերությունը չկոծկվեց, իրենք նույնիսկ ինչ-որ առումով նպաստեցին այս դեպքի բացահայտմանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի





































