ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի սկզբին Իրանն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով կարևորագույն տեսատեղեկատվություն է ստացել՝ կապված ամերիկյան ու իսրայելական զորքերի համատեղ զորավարժությունների նախապատրաստման հետ: Այս մասին այսօր հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
BBC-ն հայտնում է, որ հոկտեմբերի 6-ի առավոտյան Լիբանանի հարավից արձակված ԱԹՍ-ն 3 ժամ շարունակ գտնվել է Իսրայելի օդային տարածքում, մինչև որ Նեգև անապատի հյուսիսում խփվել է երկրի ռազմաօդային ուժերի կողմից: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ իսրայելցիներն ամբողջովին պատրաստ չեն եղել այդօրինակ օպերացիայի:
The Sandy Times-ն իր հերթին հայտնում է, որ ԱԹՍ-ն կարողացել է նկարահանել բալիստիկ հրթիռների դիրքավորվածությունը, հիմնական օդանավակայանները, հնարավոր է նաև Դիմոնայի միջուկային ռեակտորը: Նշվում է, որ այդ ամենն իրականացրել է իրանական արտադրության «Շահիդ 129» նոր մոդիֆիկացված ԱԹՍ-ը:
Այն ունակ է օդում գտնվել 24 ժամ շարունակ և հաղթահարել 2000 կիլոմետր հեռավորություն: Բրիտանական պարբերականի տվյալներով՝ այդ ԱԹՍ-ն Լիբանանի տարածքից արձակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի մասնագետների կողմից:
Իրանական ԱԹՍ-ն թռել էՄիջերկրական ծովի վրայով և մուտք է գործել Իսրայելի օդային տարածք՝ Գազայի հատվածի հյուսիսային սահմանի հարևանությամբ, ապա ուղղություն վերցրել դեպի Դիմոնայի միջուկային կենտրոն՝ թռիչքի ժամանակ մշտապես տեսաազդանշաներ ուղարկելով: Իսրայելի զինվորական շրջանակները հայտնել են, որ ԱԹՍ-ն ստեղծված է եղել «սթելս» տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն չի տվել ժամանակին հայտնաբերել այն:










































