Թուրքիան պատրաստվածության բարձր աստիճանի է բերել և մեծացրել Միջերկրական ծովում իր ռազմածովային ներկայությունը: Այս մասին այսօր հայտնում է Hurriyet -ը:
Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմածովային բազաներ (Ակսազ, Իսկենդերուն, Մերսին, Անթալիա) ծովային այլ շրջաններից ուղարկվել են հրթիռային համակարգերով և 127 միլիմետրանոց թնդանոթներով զինված հետախուզանավեր և հրթիռային մոտորանավակներ:
Ավելի վաղ նման միջոցառումներ էին իրականացվել նաև ցամաքային և ռազմաօդային ուժերում: Մասնավորապես, Սիրիայի հետ սահմանակից շրջաններ է ուղարկվել 60 տանկ: Ներկայումս սահմանի երկարությամբ տեղակայված է առնվազն 250 միավոր հրետանային տեխնիկա:
Բացի դրանից` Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր և Մալաթիա քաղաքների ռազմաօդային բազաներ է ուղարկվել F-16 15 կործանիչ: Մարտական ավիացիայի ընդհանուր թվաքանակն այնտեղ հասել է 55 օդանավի:
Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին թուրքական Ակչակալե բնակավայրում ընկան հարևան Սիրիայի տարածքից արձակված արկեր` խլելով 5 մարդու կյանք: Միջադեպի հետևանքով վիրավորվեց 11 մարդ: Ի պատասխան` Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին կառավարությանը տրամադրեց մեկամյա ժամկետով մանդատ անդրսահմանային ռազմական գործողությունների համար, այդ թվում` Սիրիայի դեմ: Հարաբերություններն էլ ավելի վատացան, երբ թուրքական իշխանությունները սիրիական օդանավը հարկադրաբար իջեցրին Անկարայի օդանավակայան` ռազմական բեռի փոխադրման կասկածանքով:











































