Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 29-ին կալանավորված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը կալանքի պահին սրտի կաթված է ստացել: Այժմ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում: ՀՀ ԱԻՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը:
«Նա Դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում սեպտեմբերի 29-ից, նախկինում վիրահատված է եղել` ստենդավորված: Այժմ բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է, սակայն, դեռևս հայտնի չէ` երբ դուրս կգրվի»,- ասել է Ղլեչյանը:
Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ, մեղադրանքի հաստատման դեպքում` նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, նաև գույքի բռնագրավում): Հանրությունն ուշի ուշով հետևում է, թե երբ պետք է նշված քրգործում ներգրավվի «գլուխը»` ՊԲ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող գեներալ Արշալույս Փայտյանը: Այս հարցում, ինչպես «ՀԺ» թղթակցին երեկ հերթական անգամ ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, նորություն չկա: Ինքը` Արշալույս Փայտյանը, օգնականի փոխանցմամբ, ներկայումս բուժման նպատակով արտերկրում է:











































