Կանանց օրվա առիթով Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդաց Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով:
Այսօր բոլոր ասպարեզներում իրենց գործունեությամբ ու գովարժան ձեռքբերումներով, իրենց նվիրումով ու նախանձախնդրությամբ կանայք առատացնում են խնամքն ու հոգածությունը մեր կյանքում, նպաստ բերում Հայրենիքի շենացմանը, ազգային ու մշակութային մեր կյանքի առաջընթացին:
Արդարև, համազգային մեր կյանքում բացառիկ է լուսերամ հայ կնոջ առաքինազարդ նկարագիրը, և հավետ օրհնյալ է նրա առաքելությունը` լինել խարիսխը հայ ընտանիքի, խտացումը սիրո, հավատարմության ու անձնուրաց նվիրումի:
Աղոթում ենք առ Աստված և մաղթում, որ գարնանաշունչ այս ուրախաբեր տոնը բերկրանք և ջերմություն բերի համայն տիկնանց ու օրիորդաց սրտերին, և Աստծո Ամենախնամ Սուրբ Աջը օրհնի և շնորհազարդի նրանց կյանքը բարիքներով, խնդությամբ, որպեսզի խաղաղության մեջ, առ Աստված հավատով ու հույսով, հայրենի սուրբ ավանդներով մեծացնեն, կրթեն ու դաստիարակեն մեր զավակներին` ի բարօրություն հայրենական կյանքի շինության ու զարգացման»:
Մայր աթոռ










































