Բրիտանական The Sunday Times հրատարակության հաղորդմամբ` Իրանն իր մարդկանց դուրս է բերում Սիրիայից: Թերթի աղբյուրների տեղեկություններով` անցած շաբաթ Սիրիան լքել են 275 իրանցի զինծառայողներ, որոնք գաղտնի կերպով օգնում էին Ասադին` ճնշելու ապստամբությունը: Նրանք բոլորը իրանական «Կուդս» հատուկ ստորաբաժանման անդամներ էին:
Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով` ակտիվ ռազմական օգնությունից բացի, Սիրիայում ապստամբության մեկնարկից ի վեր Իրանը Ասադի ռեժիմին է փոխանցել ավելի քան 10 միլիարդ դոլար, սակայն, չնայած բոլոր ջանքերին, իշխող ռեժիմը շարունակում է օրեցօր թուլանալ:
Իրանցի զինծառայողների վերադարձի որոշումը հավանաբար թելադրվում է նրանով, որ այաթոլա Ալի Խամենեին հանգել է այն եզրակացության, որ Ասադի օրերը, որպես Սիրիայի նախագահ, հաշված են, և հաշվի առնելով ծանր տնտեսական ճգնաժամը, որը ներկայում տիրում է Իրանում, այն այլևս ի վիճակի չէ գումար տրամադրել Սիրիային:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Իրանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն անձամբ չի տապալել իր տիրակալներին:
Բրիտանական ԶԼՄ-ներ հետ հարցազրույցում Համոնդը հայտարարել է, որ իրենց հասարակությունում արդեն նկատելի են ճեղքերը: Մարդիկ գոհ չեն երկրի վատթարացող տնտեսական իրավիճակից, էմբարգոն մեղմելու նպատակով Արևմուտքի հետ փոխզիջումների չգնալու ցանկությունից: