Հայաստանից արտագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալները հակասում են Ռուսաստանի պաշտոնական վիճակագրության տվյալներին:
Օրինակ` 2009թ., ըստ մեր Տարածքային նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական գործակալության, Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) կազմել է 25 հազար մարդ (http://backtoarmenia.am/?hcat=85&scat=87):
Սակայն դիտելով Ռուսաստանի պետական վիճակագրական մարմնի սայթը, տեսնում ենք, որ Հայաստանից Ռուսաստան 2009թ. միգրացիայի դրական սալդոն կազմել է 34 770 մարդ (http://www.gks.ru/bgd/free/b11_00/IssWWW.exe/Stg/dk01/7-0.htm կայքէջի 4-րդ աղյուսակ):
Այսինքն` Հայաստանից միայն դեպի Ռուսաստան մեկնածների թվի գերազանցումը Ռուսաստանից ժամանածների թվին կազմել է 35 հազար մարդ` այն դեպքում, երբ դեպի ողջ աշխարհ մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին իբր 25 հազար է:
Սա կարող է նշանակել, որ բացի Ռուսաստանից, մյուս բոլոր երկրներից Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան թե մեկնել: Բայց ակնհայտ է, որ նման բան չի կարող լինել: Որ Հայաստանից նաև այլ երկրներ են գնում և չեն վերադառնում` երևում է արդեն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2010» զեկույցից:
Իհարկե, այն, և ընդհանրապես մեր պաշտոնական վիճակագրությունը, չի տրամադրում միգրացիայի վերաբերյալ տվյալներ ըստ երկրների: Սակայն վերը նշված զեկույցի մեջ տրվում են այն մեկնողների ու ժամանողների տվյալները, ըստ «ԱՊՀ» և «այլ երկրներ» խմբերի, որոնք որ գրանցվում են:
Այսինքն` կոպիտ ասած, 2009թ. արտագաղթած 25 հազար մեր հայրենակիցների մի մասը գրանցվում է, որի հիման վրա ԱՎԾ-ն նրանց առանձնացնում է դեպի «ԱՊՀ» երկրներ և դեպի «այլ երկրներ» խմբերի: Ըստ այդմ` 2009թ. այս կերպ (գրանցվելով) մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը կազմել է 3900 մարդ, որից 3400-ը` ԱՊՀ երկրներ, 500-ը` այլ երկրներ (http://www.armstat.am/file/article/demos_10_7.pdf, աղյուսակ 7.3, 113 էջ): Տոկոսային հարաբերակցությամբ ստացվում է 87%` «ԱՊՀ» երկրներ, 13%` «այլ երկրներ»:
Եթե համարենք, որ այդ «ԱՊՀ երկրներ» ասածը հիմնականում Ռուսաստանն է, Ռուսաստանի կշիռը արտագաղթողների կառուցվածքում կարող ենք ընդունել առնվազն 80%: Եթե այս տոկոսը տարածենք մեր ունեցած դեպի Ռուսաստան արտագաղթածների այն 35 հազար թվի վրա, կստանանք, որ 2009թ. «այլ աշխարհ» արտագաղթել է մոտ 44 հազար մարդ:
Սա, իհարկե, մոտավոր հաշվարկ է, բայց ամեն դեպքում ցույց է տալիս, որ մեր պաշտոնական վիճակագրությունը արտագաղթի վերաբերյալ որոշ ճշգրտումների կարիք ունի:
2007թ. համար Ռուսաստանի վիճակագրական մարմինը ՀՀ-ից ՌԴ դրական սալդոն մոտ 30 հազար է արձանագրել, 2008թ.` մոտ 34 հազար (http://www.gks.ru/free_doc/new_site/population/demo/demo42.htm): Այս թվերի նկատմամբ «80%»-ի` վերևում կիրառված սկզբունքը կրկնելով` կստանանք համապատասխանաբար 37.5 հազար և 42.5 հազար:
Այդ տարիների ՀՀ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է համապատասխանաբար 3.2 հազար և 23.1 հազար: Այսինքն` դինամիկան համընկնում է` 2007-2009թթ. աճել է ինչպես բոլոր արտագաղթողների, այնպես էլ միայն դեպի Ռուսաստան արտագաղթողների թիվը: 2010թ., սակայն, որոշակի շեղում կա:
Այդ թվականի համար ՌԴ-ն արձանագրել է 19.2 հազար սալդո ՀՀ-ից, իսկ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը` 29.9 հազար (ընդհանուր թիվը): «80%»-ի սկզբունքի կիրառումը այստեղ ցույց չի տալիս, որ մեր վիճակագրությունը իրականից քիչ է արտագաղթի տեմպ արձանագրում: Սրա բացատրությունն էլ կարող է այն լինել, որ «այլ երկրներ» հայերը 2010-ին էականորեն ավելի շատ են արտագաղթել, քան Ռուսաստան:
Ամեն դեպքում թվերի այս անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ արտագաղթի վերաբերյալ մեր վիճակագրությունը միգուցե արտացոլում է իրական դինամիկան (միտումը), բայց չի արտացոլում իրական չափերը:
Վերջում նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, արտագաղթի տեմպերը իրականում վերջին 2 տարիներին գերազանցել են տարեկան 60-70 հազարը, իսկ որոշ դեպքերում նշվում է նաև 100-110 հազար թիվը:
Սակայն նման թվերի հիմնավորվածության վերաբերյալ այս պահին միայն ենթադրություններ կարող ենք անել:
«Ժամանակ» օրաթերթ








































