Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր «Կորտիարդ Մարիոթ» հյուրանոցում հանդիպել է 250 գործարարների հետ: Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին խոստացել է բիզնեսն ազատել պետական ահաբեկչությունից և վերացնել մենաշնորհը.
«Բիզնեսը կլինի ազատ և չի լինի ոչ մի մենաշնորհ: Բիզնեսի ոլորտում արդարության հաստատման համար ստեղծվելու է արբիտրաժային դատարան: Իշխանությունները չեն միջամտելու բիզնեսի գործունեությանը: Ես խոստանում եմ, որ կառավարության անդամները չեն միջամտի որևէ գործունեության և չեն կարող շանտաժի ենթարկել յուրայիններին ու բիզնեսից շահաբաժիններ ստանալ:
Մենք իշխանության չենք եկել, որ որևէ մեկին պատժենք: Ես ցանկանում եմ ծանոթանալ բոլոր գործարարների հետ և առավելագույնս օգնել ծագած խնդիրների լուծման հարցում: Եթե ես անհրաժեշտություն տեսնեմ, ապա վրացական բիզնեսի զարգացմանը կօգնեմ նաև սեփական կապիտալով: Անհրաժեշտ է վերանայել Վրաստանի Աշխատանքային օրենսգիրքը:
Որպեսզի օրենքը լինի կատարյալ, իսկ վրացական տնտեսությունն ու բիզնեսը ոտքի կանգնեն, ապա դրանում պետք է իրենց մասնակցությունը ցուցաբերեն նաև իրենք՝ ձեռնարկատերերը»:







































