Խորհրդարանը` ավելի ճիշտ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, երեկ 69 կողմ ձայներով ընդունեցին 2011թ. բյուջեի կատարողականը` այդպիսով հավանություն տալով կառավարության անցյալ տարվա գործունեությանը: Հանրապետականը հերթական անգամ կիրառեց քաղաքական մենաշնորհը: Սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը տարբեր նախարարությունների աշխատանքը գնահատում է «խայտառակ», մարդիկ են ազատվում աշխատանքից և ձերբակալվում: Դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ականները որոշել են հակադրվել իրենց առաջնորդի գնահատականին, կամ էլ ՕԵԿ-ն է անկախացել: Մնում է արձանագրել, որ իշխող կուսակցությունը կառավարության աշխատանքից իրականում էական դժգոհություն չունի: Հետաքրքրական է նաև, որ վերջին շրջանում հատկապես խախտումներ են հայտնաբերվում նախկին ԲՀԿ-ական նախարարություններում:
Ըստ այդմ` վարչապետն ԱԺ-ում ասաց, որ իրենք անցյալ տարի հակաճգնաժամային ծրագիր են իրականացրել, կարողացել են մի շարք բաներ անել, և կարծում է, որ կառավարության աշխատանքը դրական գնահատականի է արժանի: «Ազնիվ չի ինքը, որովհետև սիրում է թվեր ներկայացնել, պատասխան չստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա` ժողովուրդը չի խորանում թվերի մեջ, և երբ, օրինակ, վարչապետն ասում է` գնաճը եղել է 4.7 տոկոս, աշխատավարձը բարձրացել է 5.9 տոկոսով, այսինքն` ուզում է ասի` աշխատավարձը բարձրացել է: «Բայց երեք գնաճ կա` ամիսն ամսվա նկատմամբ, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ և միջին տարեկան: Տարեկան միջինը 7.7 տոկոս է: Նշանակում է` աշխատավարձի բարձրացումն ավելի քիչ է, քան գնաճը: Նշանակում է` կենսամակարդակը նվազել է, գնողունակությունն ընկել է»,- նկատեց ՀԱԿ անդամը` հավելելով. «Եվ ինքն ասում է` մենք հաջողությամբ կարողանում ենք հաղթահարել ճգնաժամը և 2010-ի համեմատությամբ երկու անգամ ավելի արագ տեմպով ենք զարգացել, դե հիմա բերեք համեմատենք նախաճգնաժամային վիճակն ու հետճգնաժամային: 2011 թվականին մենք դեռևս նախաճգնաժամային վիճակի աճին չենք հասել դոլարային արտահայտությամբ: Այսինքն` դեռևս մենք 2008թ. մակարդակը չունենք ո՛չ համախառն ներքին արդյունքի բացարձակ թվով, ո՛չ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի թվով, ո՛չ բյուջեի եկամուտների թվով դոլարային արտահայտությամբ: Բայց դրա փոխարեն մենք ունենք 2.5 անգամ ավելի արտաքին պարտք: Հիմա ես չգիտեմ` Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին պե՞տք է հավատալ այդ կեղծ թվերին, թող հավատան»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կառավարությունում սկիզբ առած բացահայտումներին, ձերբակալություններին ու Սերժ Սարգսյանի քննադատությանը, ՀԱԿ անդամն այդտեղ զարմանալի բան չի տեսնում: «Եվ չէի էլ կարող զարմանալ, որովհետև գոյություն ունեցող համակարգը ի սզբանե էդպիսի վերջ պիտի ունենար, պիտի գար սրան: Էն, ինչի մասին Տեր-Պետրոսյանն ասեց` ավազակապետություն, այ սա ի նկատի ուներ. երբ համակարգում այնպիսի իրավիճակ են ստեղծում բոլորի համար, որ բոլորը դառնում են հանցագործ»,- մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով, ձերբակալությունները, հանցագործությունների բացահայտումը կապված է ոչ թե իրավական համակարգի գործունեության հետ կամ բխում է իրականում կարգուկանոն հաստատելու կամ արդարություն հաստատելու խնդրից, այլ, թե ինչպես է ցանկանում այդ համակարգի գլուխ կանգնած մարդը` ուզո՞ւմ է պատժի, թե՞ ոչ: «Վերջին դեպքերն էլ դրա ապացույցն են, որովհետև երբ Սերժ Սարգսյանը կառավարությունում հավաք անցկացրեց, դրանից հետո նոր հասկացան կամ հիշեցին, որ ինչ-որ մարդու պետք է ձերբակալեն»:
Մեր հարցին, թե հնչած գնահատականներն ու ձերբակալությունները նախընտրական կոնտեքստո՞ւմ են, ՀԱԿ անդամն ասաց. «Ամեն կոնտեքստում էլ կարող եք նայել` և՛ սպասվելիք նախագահական ընտրությունների նախընտրական կոնտեքստում, և՛ որ համակարգն իրեն վերջնականապես սպառել է, ռեսուրսներ են փնտրում և այդ մարդկանց պետք է պատժեն, որ նոր մարդիկ գան իբր: Եվ էդ պատժվող մարդկանցից ինչ-որ գումարներ բյուջե լցնեն: Ինչպես Վազգեն Խաչիկյանի դեպքում ասացին` 11 կամ 12 մլրդ դրամի պետական միջոցների հափշտակում է եղել: Ի դեպ, այդ մասին գրված է դեռ երեք տարի առաջ` ՎՊ փաստաթղթերում: Այնտեղ գրված է համարյա բոլոր մարզպետարանների, նախարարությունների մասին: Սա հենց նրա համար է, որ օգտագործեն, երբ որոշի համակարգի գլուխը: Սա չի նշանակում, որ համակարգն ինքնամաքրման ճանապարհ է ընտրել»:
Վահագն Խաչատրյանի համոզմամբ, այս համակարգն ապագա չունի. «Էն մարդիկ` Ռոբերտ Քոչարյանը, ովքեր որ ստեղծել էին, էտ ժամանակ էլ պարզ էր, որ այս համակարգը չի կարող երկար գոյություն ունենալ»: Մինչդեռ ներկա իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ համակարգը ձևավորվել է հենց Տեր-Պետրոսյանի օրոք: «Իզուր տեղն է այդ խոսակցությունը, որովհետև անհիմն խոսակցություն է: Եթե նույնիսկ փորձենք ընդունել, այդ դեպքում թող փոխեն համակարգը»,- հակադարձեց Խաչատրյանը: Նա հարց ուղղեց, թե քանի՞ տարի է Տեր-Պետրոսյանը եղել իշխանության և քանի՞ տարի են Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության. «Թող նորմալ ընտրություններ անցկացնեն, կտեսնեն, որ շատ հեշտ հնարավոր է փոխել»:
Ընդդիմության ներկայացուցիչը մաղթեց, որ այն, ինչ եղավ Վրաստանում, հնարավոր լինի նաև Հայաստանում. «Եվ կարևոր չէ, թե ով կգա իշխանության արդար ընտրությունների արդյունքում»:









































