ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում ազգային զինված ուժերի կողմից սեփական քաղաքացիների վրա քիմիական զենքի գաղտնի փորձարկումների շուրջ: Բանակի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 20-րդ դարի 50-60-ական թթ. նեղ ազդեցությամբ քիմիական նյութեր են ցանվել Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի աղքատ թաղամասերում: Ռեակտիվների ազդեցությունը թուլացված է եղել, որպեսզի բնակչությանը վնաս չհասցվի:
Միաժամանակ, CBS NEWS պարբերականի հաղորդմամբ, հենց դա տեղի չի ունեցել: Քաղաքի շենքերի տանիքների վրա ռազմական մեքենաներից ցանված նյութերը ռադիոակտիվ են եղել: Դրանք մասնավորապես պարունակել են քաղաքացիների կյանքի և շրջակա միջավայրի համար վտանգավոր բարձր թունայնությամբ կադմիումի սուլֆիդ: Տեղի բնակչությանը հրամանատարները հայտնել էին, որ դա արդյունավետ ծխային ծածկ ստեղծելու փորձ է խորհրդային զորքերի հարձակման դեպքում: Դա իբր պետք է փակեր քաղաքը թշնամուց:
Միայն 1994 թ. ԱՄՆ կառավարությունը հայտնեց հասարակությանը կենսաբանական և քիմիական զենքի զարգացման գաղտնի փորձի մասին: Սենթ Լուիսը, որի բնակչությունն այժմ անցում է 350 հազարից, ընտրվել է որպես գաղտնի փորձի օբյեկտ, քանի որ իր նախագծմամբ առավել մոտ էր միջին վիճակագրական խորհրդային քաղաքի:
Պենտագոնը կտրականապես հերքում է ռադիոակտիվ նյութերի տարածման փաստը: Այդ կապակցությամբ CMS News-ը ներկայացրել է օրերս Սենթ Լուիսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Լիսա Մարտին Թեյլորի գիտական զեկույցը: Բնակիչների վրա քիմիական զենքի ազդեցությունն ուսումնասիրած գիտնականը ռազմական գերատեսչության պնդումը իրականությանը համապատասխանող չի համարում:
Սենթ Լուիսի աղքատ թաղամասերի բնակիչները իրենց առողջական խնդիրները բացատրում են կեսդարյա վաղեմության փորձարկումներով: Նրանցից շատերը տառապում են օնկոլոգիական հիվանդություններով. քաղաքացիների մահվան հիմնական պատճառը լինում է քաղցկեղը:
Միսսուրիի սենատորներ Քլեր Մաքասքիլը և Ռոյ Բլանտը, ուսումնասիրելով գիտնականի զեկույցը, համապատասխան բացատրություն են պահանջել Պենտագոնից:










































